Այս տարի փաստաբանների դպրոցն ունի դիմորդների աննախադեպ քանակ. Սիմոն Բաբայան

Փաստաբանական դպրոցում աշնանային հոսքի ընդունելությունն արդեն սկսված է:

Դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը դիմորդներին ներկայացրեց քննության կարգը` նախազգուշացնելով չօգտվել տեխնիկական միջոցներից. ամեն ինչ վերահսկվում է, հույսը պետք է դնել միայն սեփական գիտելիքների վրա:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ հաջողություն մաղթեց մասնակիցներին` խորհուրդ տալով չհուզվել. «Ամեն ինչ հնարավոր է: Հանգիստ ձեզ համար աշխատեք: Լարվածություն հարկավոր չէ: Եթե անգամ չանցնենք, էլի շանս ունեք, մյուս տարի կարող եք դիմել»:
Այս տարի դպրոց ընդունվելու համար դիմել է 192 դիմորդ, ովքեր պայքարում են 80 տեղի համար (15-ը` հեռավար):

«Այս տարի դպրոցն ունի դիմորդների աննախադեպ քանակ: Այս տարի առաջին անգամ նախաձեռնել ենք հոսքերի տարանջատում` առանձին մրցույթներ են իրականացվելու քրեական և քաղաքացիական հոսքերով»,- ասաց Սիմոն Բաբայանը:

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով կատարված նորամուծությանը, նշեց. «Քանի որ քաղաքացիականը նախկինում նախատեսված էր 60 տեղի համար, մեծ մասը քաղաքացիական մասնագետներն էին անցնում, և առանձին քրեականի խումբ չէր ձևավորվում: Այդ պարագայում լուրջ խնդիր էր առաջանում, քանի որ մոտ ապագայում մենք քրեական մասնագետների կկորցնեինք: Հենց այդ նպատակով էլ կատարվեց այդ փոփոխությունը»:

Դիմորդների թվում ինչպես երիտասարդ իրավաբաններ կան, այնպես էլ ավագ իրավաբաններ: Մելանյա Բադալյանն արդեն երրորդ անգամ է փորձում ընդունվել փաստաբանական դպրոց:

Նրա կարծիքով` թեև քննությունները միշտ շատ լավ են կազմակերպված եղել, բայց հարցերը շատ են. «Ցանկալի կլիներ, որ և՛ քրեական, և՛ քաղաքացիական իրավունքներում, որոնք կազմված են 600 հարցերից, հանվեին 100-ը: Ցանկալի կլիներ նաև, որպեսզի բառերից չկառչեին, քանի որ կան տրամաբանական հարցեր և մեկ ստորակետի տարբերությամբ հարցի պատասխանը սխալ է ստացվում»:

Դիմորդներից Արաբյան Մինասն այս տեսակետի հետ համամիտ է. իրավաբանը ոչ միայն հիշողություն պետք է ունենա, այլ նաև լավ տրամաբանություն, մինչդեռ հարցերի 90 տոկոսը հիմնված է հիշողության վրա:

«Լավ իրավաբանը նա չէ, ով օրենքներն անգիր հիշում է, լավ իրավաբանը կիրառելի նորմը գտնող իրավաբան է: Նա պետք է կարողանա իմանալ, թե տվյալ դեպքի համար կիրառելի նորմը, որ իրավական ակտում կարող է գտնել: Կարծում եմ հարցերի կազման հայեցակարգը պետք է վերանայվի»:
Արա Զոհրաբյանը վստահեցրեց` եթե որևէ խնդիր է առաջանում փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը բողոքարկման գործընթացի ժամանակ փորձում է դրանք շտկել. «Եթե այդպիսի խնդիրներ են բացահայտվում` մենք դրանք լուծում ենք հօգուտ հավակնորդի»:

Նշենք, որ քննությունն անցկացվում է համակարգչային հատուկ ծրագրով և դիմորդները 3 ժամվա ընթացքում պետք է պատասխանեն 150 հարցի, որից հետո անմիջապես կարող են իմանալ իրենց ստացած միավորը:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել