Իրավաբան.net-ը նախկինում անդրադարձել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված, իսկ 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հիման վրա մի շարք պաշտոնյաների ամսեկան պաշտոնային դրույքաչափերը բարձրացմանը:
Նշված իրավական ակտով հուլիսի 1-ից բարձրացել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձը, որը ներկայումս 992.100 դրամ:
Նշենք, որ 2003 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով պաշտպանի պաշտոնային դրույքաչափը հավասար է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափին, որը նախկինում գործող «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմում էր 730.080 դրամ: Նշված նորմը ներկայումս ևս ենթարկվել է փոփոխության, և համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի` Պաշտպանի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 1-ից բարձրացել է պետական պաշտոններ զբաղեցնող մի շարք պաշտոնյաների ամսեկան պաշտոնային դրույքաչափերը: