Բացահայտվել են մի քանի ընկերություններ, որոնք անիրական զեղչերի միջոցով փորձել են մոլորեցնել սպառողներին. ՏՄՊՊՀ

ՏՄՊՊՀ-ն շարունակում է ուսումնասիրությունները հագուստի վաճառքով զբաղվող ընկերությունների գործունեության, մասնավորապես վերջինների վարած զեղչային քաղաքականության ուղղությամբ: ՏՄՊՊՀ հերթական դիտանցումների արդյունքում բացահայտվել են մի քանի ընկերություններ, որոնք անիրական կամ կեղծ զեղչերի միջոցով փորձել են մոլորեցնել սպառողներին:
Մասնավորապես, խախտումներ են հայտնաբերվել «ԱՎԲ Գրուպ», «Գրետա Սահակյան» ԱՁ, «Նինա Զարդարյան» ԱՁ, «Սանտեխնիկա-96» ընկերություններում:
Վերջինները գովազդել են, որ իրենց խանութներում հագուստի և սանտեխնիկայի վաճառքն իրականացվում է ինքնարժեքով, կամ մեծ զեղչերով: Սակայն ՏՄՊՊՀ դիտանցումներով պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները ինքնարժեքով վաճառք չեն իրականացրել, իսկ զեղչերն էլ եղել են խիստ սահմանափակ թվով հագուստի տեսականու համար:

Համաձայն օրենքի, ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում, ինչն առկա է տվյալ դեպքում:

Նկատի ունենալով, որ խախտում թույլ տված ընկերությունները փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, որոնց շրջանառության ծավալները փոքր են, բացի այդ շուկային և սպառողների շահերին հասցված վնասը մեծ չէ, ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշվեց վերոնշյալ 4 ընկերություններին տալ խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:
Հանձնաժողովը շարունակում է դիտանցումները այս ուղղությամբ. նկատի ունենալով ամառային ամիսներին տեղի ունեցող մեծածավալ զեղչերը, առավել խիստ վերահսկողություն կսահմանվի խանութների զեղչային քաղաքականության նկատմամբ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել