Սարյան փողոցում ոստիկանների կողմից բռնության ենթարկված Արա Ղարագյոզյանը տուժող է ճանաչվել

Հունիսի 23-ին Երևանի Սարյան փողոցի թիվ 22-րդ հասցեում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և ոստիկանների կողմից բռնության ենթարկված քաղաքացի, իրավաբան Արա Ղարագյոզյանը դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող է ճանաչվել: Այս մասին վերջինս տեղեկացրեց Իրավաբան.net-ին:

«Ինչպես հիշում եք` քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պաշտոնական լիազորություններն անցնելը, որ զուգորդվել է հատուկ միջոցների գործադրմամբ: Ես երեկ տուժող եմ ճանաչվել և հարցաքննվել եմ Հատուկ քննչական ծառայությունում»,- ասաց Արա Ղարագյոզյանը:

Ավելի վաղ նա Իրավաբան.net-ին հայտնել էր դեպքի մանրամասները. «Քներակներից սեղմելով գլուխս վերև են բարձրացրել, ապա հարվածել են սրտիս: Դրանից հետո ուշագնաց եմ եղել: Երբ ուշքի եկա տեսա, որ որ ոստիկաններն արդեն ինձանից հեռու են»:

Բողոքի ակցիայից ժամանակ Արա Ղարագյոզյանին տեղափոխել էին հիվանդանոց: Նա մոտ 3 ժամ գտնվել է հիվանդանոցում. «Ինձ պարբերաբար ներարկումներ էին անում: Ես նյարդային ցնցումների մեջ էի: Սիրտս ծակում էր: Չնայած բժիշկներն ասում էին դա լարվածությունից է, բայց ոստիկանները իմ սրտին էին հարվածել»,- հայտնել էր Իրավաբան.net-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել