«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամները հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Ակցիան բավական բուռն ընթացք ստացավ: Ոստիկանների և ակցիայի մասնակցիների միջև բախումներ սկսվեցին: Ոստիկանները, մասնավորապես կարմիր բերետավորները, ֆիզիկական ուժի գործադրմամբ քաղաքացիներին նստեցնում էին մեքենաները և տանում ոստիկանության բաժին:
Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն` բերման է ենթարկվել 27 քաղաքացի:
Բախումների արդյունքում մի քանի քաղաքացիներ անգամ հիվանդանոց են տեղափոխվել: Նրանցից Արա Ղարագյոզյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ մոտ 3 ժամ գտնվել է հիվանդանոցում. «Ինձ պարբերաբար ներարկումներ էին անում: Ես նյարդային ցնցումների մեջ էի: Սիրտս ծակում էր: Չնայած բժիշկներն ասում էին դա լարվածությունից է, բայց ոստիկանները իմ սրտին էին հարվածել»:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տուժած քաղաքացին գնացել է ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ ակտիվիստներից Գոռ Գասպարյանն արդեն հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին: Հենց այդ հաղորդման հիման վրա էլ բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են ոստիկանների գործողությունների արդյունքում բացատրություններ են ներկայացնում:
«Ես նշել եմ, թե ի՞նչ է իրականում եղել: Ոստիկանները որևէ իրավական հիմնավորում չէին ներկայացնում: Կարմիր բերետավորները մեզ հարվածում էին` հաշվի չառնելով ոչ կին ու տղամարդ, ոչ մեծ ու փոքր»,- ասաց մեր զրուցակիցը:
Վերջինիս խոսքով` բացատրություններից հետո ոստիկանությունում որոշում է կայացվել դատաբժշկի փորձաքննություն նշանակելու մասին:
«Երբ այսօր գնացի դատաբժշկի մոտ ինձ ասացին, քանի որ ստացիոնար բուժում եմ ստացել, պետք է ամբուլատոր քարտեր ներկայացնեմ: Ես զանգեցի հետաքննիչին` Ա. Առուստամյանին: Նա էլ ասաց, որ պետք է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն գրություն ուղարկեմ, որից հետո նոր այդ փաստաթղթերը մեզ կտրամադրեն»:
Արա Ղարագյոզյանը կարծում է, որ դատաբժշկի փորձաքննությունը միտումնավոր են հետաձգում, որ բռնության հետքերը վերանան:
Նա մեզ հետ զրույցում նաև նշեց, որ չի հավատում, որ այս գործով կանցկացվի օբյեկտիվ քննություն. «Ես հիմա կատարում եմ ոստիկանության լիազորությունները: Փորձում եմ փաստաթղթեր գտնել, որ ինձ դատաբժշկական փորձաքննության ենթարկեն: Մինչդեռ դա տուժողի պարտավորությունը չէ»:
Արա Ղարագյոզյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Վերջինիս միջամտությամբ միայն հաջողվել է անցկացնել դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ ոստիկանության լրատվության բաժնից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ բոլոր տեսանյութերը ուսումնասիրվում են` իրավական գնահատական տալու համար ոչ միայն ոստիկանների, այլև քաղաքացիների կողմից կատարված գործողությունների վերաբերյալ:
Արև Ավագյան