«Մովսիսյան, էս ի՞նչ ես անում». իրավիճակը Լենինգրադյան փողոցում լարվել էր

«Դուրս մեր գրպանից նախաձեռնության» այսօր կազմակերպած ավտոերթի ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակից չորս վարորդների: Ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը հայտնեց, որ սա վարչական բերում է և նրանց բերման են ենթարկում ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար:

Հակառակ սրան` քիչ առաջ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, ոչ ոք բերման չի ենթարկվել և մեզ չհաջողվեց ոստիկանությունից պարզել բերման ենթարկվածների ինքնությունը: Մեր տեղեկություններով այդ քաղաքացիներն են Արթուր Կրոյանը, Արտաշ Միսակյանը, Արմեն Մելիքյանը, Արմեն Բիլանյանը:

Լենինգրադյան փողոցից կատարված վարչական բերումը` տեսանյութում:

Հիշեցնենք, որ Հրազդան մարզադաշտի դիմացի հրապարակի մոտից մեկնարկած ավտորերթը կանգ առավ Լենինգրադյան և Շինարարներ փողոցների հատվածում. ոստիկաններն արգելեցին ակցիայի մասնակիցներին շարժվել Շինարարներ փողոցով` հնարավոր խցանում չստեղծելու պատճառաբանությամբ:

Վարորդները պահանջում են իրավասու մարմիններին վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգերի հաստատվելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել