Պարզվում է, մինչև պաշտոնին հրաժեշտ տալը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանն ինքն իրեն գերատեսչական մեդալ է շնորհել: Այս մասին պարզ է դառնում համացանցում տարածված հրամանից:
«Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Խաչիկի Հարությունյանին շնորհել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ: Նախարարի պաշտոնակատար Ա. Հարությունյան»,- նշված է հրամանում։
Նշենք, որ Արամ Հարությունյանն այժմ զբաղեցնում է Կոտայքի մարզպետի պաշտոնը:
Հիշեցնենք նաև, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 25-ին ստացված դիմումի հիման վրա վարույթ էր հարուցել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ և եզարահանգել, որ նախկին նախարարը խախտել է էթիկայի կանոնները:
Դրանից հետո Արամ Հարությունյանը հայտարարություն էր տարածել` ափսոսանք հայտնելով «Պատասխանատու հանքարդյունաբերություն, մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային կոնֆերանսի շրջանակներում ակտիվիստներին վիրավորելու համար:
«Կարծում եմ, որ կողմերը փոխադարձաբար պետք է հայցեն միմյանց ներողամտությունը, ինչը ես անում եմ՝ կրկին անգամ նշելով, որ ոչ մեկի վիրավորելու մտադրություն չեմ ունեցել, պարզապես փորձել եմ զսպել որոշ անձանց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները»,- ասված էր հայտարարության մեջ: