Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 25-ին ստացված դիմումի հիման վրա վարույթ էր հարուցել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ:
Մասնավորապես դիմումում նշված է, որ 2014թ. մարտի 25-ից մինչև 26-ը «Պատասխանատու հանքարդյունաբերություն, մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով անցկացվել է միջազգային կոնֆերանս, որի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ բնապահպանական ակտիվիստների և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի միջև։ Ակցիայի մասնակիցներից Ապրես Զոհրաբյանը մեջբերում է արել ՀՀ բնապահպանության նախարարարության նախկին աշխատակցի ֆեյսբուքյան գրառումից, որում ՀՀ բնապահպանության նախարարությունը որակվել է որպես «գերեզմանոց», ինչին ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարը սպառնացել է ակտվիստին՝ ասելով. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»։
Դիմողը գտնում է, որ «…ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից վիրավորանք պարունակող արտահայտություններ և սպառնալիքներ թույլ տալը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին վայել վարքագիծ չէ և համարվում է էթիկայի կանոնների կոպիտ խախտում: Տվյալ պարագայում վտանգվում է նաև հարգանքի և վստահության ձևավորումը նրա ներկայացած մարմնի նկատմամբ»։
Հարուցված վարույթի վերաբերյալ էթիկայի հանձնաժողովը ներկայացրել է համապատասխան եզրակացություն:
Նշենք, որ Արամ Հարությունյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է Կոտայքի մարզպետ: