«Այս ամենի նպատակը կոնկրետ երկու գործերով ինձ զսպելն էր». Արշավիր Խալափյան

Փաստաբան Արշավիր Խալափյանն այսօր Կապանի ոստիկանությունում համացանցում հայտնված «Ինչպես է Արշավիր Խալափյանի դիմակը պատռվում: Նվեր բոլոր նրանց, ում այս սողունը վատություն է արել» նկարագրությամբ տեսանյութի վերաբերյալ հրաժարվել է որևէ բացատրություն տալ` հիմնավորելով, որ այն ապօրինի ճանապարհով է ձեռք բերվել: Նա հրաժարվել է նաև հետագայում որևէ բացատրություն տալուց, քանի որ նրա փաստաբանները պատրաստվում են առաջիկայում հաղորդում ներկայացնել ոստիկանություն: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Արշավիր Խալափյանը:

«Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ ես` որպես շարքային քաղաքացի, իրացնելով իմ տեղեկատվության ազատության իրավունքը, հարցում կատարեցի Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի թիվ 17 շենքի ամիջական հարևանությամբ կատարվող շինարարության մասին: Հարցումների արդյունքում պարզվեց, որ շինարարությունն ապօրինի է»,- պատմեց Ռ.Մինասյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի համասեփականատեր Արշավիր Խալափյանը:

Նրա խոսքով`հարցումների ընթացքում պարզել է, որ իրենց շենքի բակում ավտոտնակ է ուզում կառուցել «Վիվասել ՄՏՍ» ընկերության Կապանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Կույումջյանը` առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի:

«Կապանի քաղաքապետարանն ապօրինի շինարարության դեպքին արձագանքել է միայն այն ժամանակ, երբ ես հարցումներով դիմել եմ նրանց: Ես հիմնավոր կասկած ունեի, որ եթե ես չդիմեի, քաղաքապետարանը չէր արձագանքելու»,-նշեց Արշավիր Խալափյանը:

Խնդրի վերաբերյալ հարցումներ կատարելու ընթացքում Աշոտ Կույումջյանը որոշում է հանդիպում կազմակերպել Արշավիր Խալափյանի հետ և գաղտնի տեսաձայնագրել խոսակցությունը:

«Այս ամենի նպատակը կոնկրետ երկու գործերով ինձ զսպելն էր` իր գործով և մեկ այլ գործով, որն ավելի մեծ հասարակական հնչեղություն է ստացել և դրա վերաբերյալ առաջիկայում կխոսեմ»,- նշեց փաստաբանը:

Խոսակցության չմոնտաժված և ամբողջական ձայնագրությունը «Վիվասել ՄՏՍ» ընկերության Կապանի տարածքային կառույցի ղեկավարը ուղարկել է Արշավիր Խալափյանին, պահանջել հանդիմում: Նա հրաժարվել է:  Դրան հաջորդել է այն, որ շենքի բակում ավտոտնակ կառուցել ցանկացող անձի ներկայացուցիչ Արթուր Գևորգյանը Փաստաբանների պալատ բողոք է ներկայացրել: Աշոտ Կույումջյանն էլ որոշել է մոտնաժել խոսակցությունը ցանկալի կադրերով ու հատվածներով և հրապարակել youtube-ում:

«Այսինքն, եթե ես գնայի զիջումների, մեծ աղմուկը չէր լինի, այլ կլիներ մեկ այլ խայտառակ իրավիճակ: Ես կհայտնվեի պատանդի կարգավիճակում այդ խմբի ձեռքում: Ես գերադասեցի բաց մենամարտը»,- նշեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել