Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի եկամուտը 2013 թվականին կազմել է 26 միլիոն 136 հազար դրամ, որը ձեռք է բերել որպես վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում: Իսկ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ ստացել է 28 հազար 384 դոլար:
Նախարարի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 30 միլիոն դրամ, որը տարվա ավարտին նվազել է՝ դառնալով 7 միլիոն դրամ, մինչդեռ եվրոյով և դոլարով պահվող միջոցները հարկային տարվա սկզբի համեմատ ավելացել են՝ համապատասխանաբար՝ 250 հազար եվրոն դարձել է 290 հազար, իսկ 450 հազար դոլարը՝ 490 հազար:
Հովհաննես Մանուկյանի կինը՝ Արմինե Մանուկյանը 2013 թվականի ընթացքում ունեցել է 15 միլիոն դրամ: Նրա դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 7 միլիոն դրամ, որը հարկային տարվա ավարտին դարձել է 150 հազար դրամ, 80 հազար եվրոն՝ ավելացել է՝ կազմելով 100 հազար եվրո, իսկ 150 հազար դոլարը՝ 170 հազար դոլար: