Ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանի. դատական նիստի մանրամասները

Վարչական դատարանում այսօր շարունակվեց ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից ներկայացաված հայացադիմումի քննությունն ընդդեմ Քաղաքապետարանի դիմաց նստացույց անող քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանի:

Ոստիկանությունը դիմել է դատարան Սուրեն Սահակյանին 50.000 դրամի վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ, ոստիկանության Կենտրոնական բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը նշեց, որ ներկայացված հայցը պնդում են ամբողջությամբ:

Պատասխանող կողմն էլ իր հերթին առարկեց. իրենք չեն ընդունում ներկայացված հայցը:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը հանդես էր եկել միջնորդությամբ` առաջարկելով իր վստահորդի նկատմամբ ներկայայացված 7 տարբեր հայցադիմումները միավորել և քննել մեկ վարույթում:

Հայցվոր կողմն այս միջնորդությունը համարեց անհնարին և ոչ նպատակահարմար. «Այդ 7 վարույթները տարբեր իրավախախտումների են վերաբերում: Գուցե անձը նույնն է, բայց արարքներն առանձնին են և ենթակա են քննության առանձին-առանձին»:

Ըստ պատասխանող կողմի, գործերը միացնելով, Վարչական դատարանը հնարավորություն կունենա ամբողջությամբ գնահատել ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված արարքների ոչ իրավաչափ լինելը, իսկ առանձին գործերի դեպքում դա հնարավոր չէ. «Մենք առաջարկում ենք քննել տարբեր իրավախախտումներ, բայց մեկ միասնական վարույթով»:

Դատավոր Արծրուն Միրզոյանը մերժեց ներկայացված միջնորդությունը` հետևյալ պատճառաբանությամբ.

«Ենթադրյալ 7 իրավախախտումներից միայն երկուսն են գտնվում նույն դատավորի վարույթններում, իսկ մյուսներն այլ վարույթում են գտնվում: Իսկ դատարանը տարբեր վարույթներում գտնվող գործերն իրավասություն չունի միավորել»:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը, հանդես գալով բացման խոսքով, նշեց, որ Սուրեն Սահակյանն օգոստոսի 3-ին քաղաքապետարանի մուտքի դիմաց բարձրախոսով հայտարարություններ է արել` խանգարելով Քաղաքապետարանի բնականոն աշխատանքը.

«Ոստիկանության աշխատակիցները մի քանի անգամ զգուշացրել են, բայց Սուրեն Սահակյանը դրանց ուշադրություն չի դարձրել: Ավելին` կարճ ժամանակ անց բարձրախոսը միացրել են մեքենայի ձայնագրիչին ու պարբերաբար այդ ձայնագրիչի միջոցով կոչեր հնչեցրել` 10:00-ից մինչև 13:00-ն»:

Ըստ Սոնա Մելիքյանի` եթե կոչերը հնչեին առանց բարձրախոսի, ապա դա այլ կլիներ.

«Բարձրախոսով հնչեցված կոչերը խանգարել են Քաղաքապետարանի աշխատանքին: Ոստիկանների պահանջը եղել է մեկը. դադարեցնել կոչեր հնչեցնել բարձրախոսով: Ոստիկանության ներկայացված օրինական պահանջը չի կատարվել: Ինչի արդյունքում Սուրեն Սահակայնին բերման են ենթարկել ոստիկանություն: Նրան բաց թողնելուց հետո բարձրախոսը հետ է վերադրաձվել: Սակայն, քաղաքապետարանի մոտ վերադառնալուց հետո, Սուրեն Սահակյանը նորից նույն գործողությունն է իրականացրել, որից հետո արդեն երկրորդ անգամ է բերման ենթարկվել, այս դեպքում որպես իրավախախտման գործիք` բարձրախոսը վերցվել է»:

Քանի որ Սուրեն Սահակյանի մոտ բերման ենթարկվելիս անձը հաստատող որևէ փաստաթուղթ չի եղել, նրա նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում` անձը պարզելու նպատակով:

Պատասխանող կողմի համար անհասկանալի է, եթե բարձրախոսով կոչեր հնչեցնելն ակնհայտ իրավախախտում է, ինչու ծառայություն իրականացնող ոստիկանները հենց առաջին վայրկյանից բերման չեն ենթարկել, այլ սպաել են մինչև ժամը 13:00-ն:

«Մեզ համար նաև անհասկանալի է, եթե արարքն ընդամենը մեկն էր և ըստ էության կարող էր միայն մեկը կատարել դա: Ապա ինչու է նույն արարքի համար վարչական վարույթ հարուցվել նաև Քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստ Վահագն Մինասյանի նկատմամբ : Իմ վստահորդին բերման ենթարկելով, ոստիկանությունը ոչ թե նպատակ է ունեցել ենթադրյալ վարչական իրավախատման մասին արձանագրություն կազմել, այլ պարզապես փորձել է այնպես անել, որ նա հրաժարվի իր բողոքի ակցիայից»:

Տիգրան Սաֆարյանը հավելեց նաև, որ բարձրախոսով կոչերը Սուրեն Սահակյանը չի հնչեցրել: Այդ կոչերը եղել են որպես ձայնագրություն, իսկ ձայնագրիչը միացրած է եղել Սուրեն Սահակյանի ավտոմեքենայում:

Դատարանը լսելով կողմերին` անցավ ապացույցների հետազոտման փուլ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 10-ին:

Արև Ավագյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել