Վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Աբրահամյանը հավաստիացրել է, որ պատրաստակամ է շարունակելու գործակցությունը երկկողմ հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում: «Տեղյակ եմ, որ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքում  լուրջ ներուժ է ձևավորվել, առկա են էական ձեռքբերումներ և պատրաստ եմ ներդնել բոլոր ջանքերը մեր համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար», – նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետը կարևորել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որն ուղղված է բազմակողմանի տնտեսական համագործակցության զարգացմանը, ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը: 

Մաքսիմ Սոկոլովը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակը: «Վերջին տարիներին երկկողմ տնտեսական փոխգործակցությունը զարգանում է բավական դինամիկ, աճում է ապրանքաշրջանառության ծավալը», – ընդգծել է ՌԴ տրանսպորտի նախարարը: Պարոն Սոկոլովը տեղեկացրել է, որ այսօր մասնակցել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը: Դա, Մ. Սոկոլովի խոսքով, վկայում է ինչպես ներդրումային, այնպես էլ առևտրատնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման մասին:

Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Իրավաբան.net
 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել