Ո՞ր հանցագործությունն է համարվում ցեղասպանություն

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր 1946թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձևում հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն` ցեղասպանությունը հանցագործություն է և հակասում է Միավորված ազգերի կազմակերպության ոգուն ու նպատակներին, և որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն` ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը, և համոզված լինելով, որ մարդկությունն այդ նողկալի արհավիրքից ազատելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն:

Ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի` հանցագործություն է, որը պայմանավորվող կողմերը պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար։

Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան սահմանում է, որ ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.

(ա) այդ խմբի անդամների սպանությունը,

(բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,

(գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,

(դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,

(ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին:

Ցեղասպանություն կատարած անձինք ենթակա են պատժի՝ անկախ այն բանից, նրանք սահմանադրությամբ պատասխանատու ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մասնավոր անձինք:

Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններին՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում ցեղասպանությունը կանխարգելելու և ճնշելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել