ՀՀ Նախագահին ներկայացվել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է Հանրապետության Նախագահին, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է և տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայեցակարգի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները:

Նկատի ունենալով, որ Հայեցակարգի նախագիծը նախնական է և պետք է անցնի պարտադիր հանրային քննարկումների փուլ, Գագիկ Հարությունյանը նշել է, որ այս փուլում ի սկզբանե նպատակ չի դրվել բոլոր հարցերի վերաբերյալ ձևավորել միասնական և վերջնական դիրքորոշումներ: Դրանցից, մասնավորապես, ընդգծվել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորմանը, դատական իշխանության գործառութային և ինստիտուցիոնալ արդյունավետությանը, ինչպես նաև պետության կառավարման ձևին և ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերը:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին և անդամներին՝ կատարված ծավալուն աշխատանքի համար և իր դիրքորոշումն է հայտնել որոշ առանցքային հարցերի վերաբերյալ:

 

Լուսանկարը` president.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել