Երեկ կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալել են զինվորական կոմիսարի

Պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ բաժնի և քննչական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2014 թվականի մարտի 19-ին ժամը 17.10-ին Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում քաղաքացի Գ.Վ.-ի կողմից առանձնապես խոշոր չափի՝ 3900 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում:

Ձերբակալվել է նաև նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել