Քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատ­րաստելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել:  Վերջինը կմշակի և մինչև 2014 թվականի ապրիլի 10-ը ՀՀ  արդարադատության նախարարին կներկայացնի ՀՀ քրեական  նոր օրենսգրքի հայեցակարգը, իսկ մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը՝ նոր օրենսգրքի նախագիծը:  

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից` աշխատանքային խումբը կմասնակցի Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի դրույթների վերաբերյալ մասնագիտական և հանրային քննարկումներին, կուսումնասիրի շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) առաջարկությունները Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի վերաբերյալ, կքննարկի այդ առաջարկությունները նշված փաստաթղթերում ներառելու նպատակահարմարությունը:

Նախագիծը Կառավարության կողմից Ազգային Ժողով ուղարկելուց հետո աշխատանքային խումբը կմասնակցի նաև ԱԺ-ում կազմակերպվող քննարկումներին, այդ թվում՝ ներկայացնելով նախագծի դրույթները և դրանց հիմնավորումները:  Աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, շահագրգիռ մարմիններին և համապատասխան միջազգային կազմակերպություններին կտրամադրի մասնագիտական բնույթի վերլուծություններ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի դրույթների վերաբերյալ:  ՀՀ արդարադատության նախարարի հրամանի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրության 4.1-րդ կետը:

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանը կգլխավորի Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատրաստելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը, իսկ  խմբի կազմում են՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտներ, իրավաբանական գիտությունների թեկնածուներ Սերգեյ Առաքելյանը, Տիգրան Սիմոնյանը, Աննա Մարգարյանը, հիշյալ ամբիոնի ասիստենտ, իրավագիտության թեկնածու, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական Աննա Վարդապետյանը:  

 

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ