Նորվեգիան պատրաստ է ՄՔԴ-ի հրամանով ձերբակալել Նեթանյահուին նրա այցի դեպքում

Նորվեգիան դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և կկատարի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ձերբակալման հրամանը, եթե նա ժամանի թագավորություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի փոխնախարար Անդրեաս Մոցֆելդտ Կրավիկը Al Jazeera-ին տված հարցազրույցում:

«Իսրայելի գործողությունները միանգամայն անընդունելի են: Մենք տեսանք դպրոցներ, հիվանդանոցներ, լրագրողների, որոնք ենթարկվում են հարվածների», – նշել է դիվանագետը՝ խոսելով պաղեստինյան անկլավում տիրող իրադրության մասին:

Նա ընդգծել է, որ Նորվեգիայի կառավարությունն իրազեկ է Նեթանյահուի ձերբակալման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի վճռի մասին և «կկատարի այդ հրամանը, եթե նա ոտք դնի Նորվեգիայի հողի վրա»:

Կրավիկը հիշեցրել է, որ թագավորությունը մի շարք այլ երկրների հետ միասին պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի դեմ:

2024 թ. նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը ձերբակալման հրամաններ է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ՝ Պաղեստինի տարածքում կատարված ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել