Հայաստանն ու Իրանը նախատեսում են անցկացնել բարձր մակարդակի խորհրդակցություններ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի առնչությամբ ձեռք բերված առաջընթացը և տարածաշրջանային կայունությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:
Բաղային նշել է՝ Թեհրանը միշտ սերտ և կառուցողական հարաբերություններ է պահպանել Հարավային Կովկասի իր հարևանների, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի հետ։
Նա ընդգծել է, որ Իրանը գնահատում է բարիդրացիության և փոխադարձ շահերի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները և, բնականաբար, կապ է պահպանում այդ երկրների հետ՝ կապված զարգացումների հետ, հատկապես այն դեպքում, երբ դրանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են Իրանին:
Ինչ վերաբերում է Հայաստանին, խոսնակը նկատել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն որոշակի ժամանակ, դա նոր հարց չէ։ Բաղային ասել է, որ նախորդ քննարկումներում երկու կողմերին էլ խրախուսել են արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, քանի որ համարում են, որ այդ համաձայնագիրը կարող է շրջադարձային լինել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցում:
Խոսնակը տեղեկացրել է, որ օգոստոսի 12-ին, Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև բարձր մակարդակի խորհրդակցություններ կանցկացվեն՝ զարգացումների վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կազմելու և հայկական կողմի հետ Իրանի նկատառումներով ու մտահոգություններով կիսվելու համար։