Al Jazeera-ի 5 աշխատակիցներ են սպանվել Գազայի վրա Իսրայելի հարձակման հետևանքով․ «Սպանության հրամանը հուսահատ փորձ է լռեցնելու այն ձայները, որոնք բացահայտում են Գազայի մոտալուտ գրավումն ու օկուպացիան»

Al Jazeera-ի լրագրող Անաս ալ-Շարիֆը սպանվել է չորս գործընկերների հետ միասին՝ Գազայի քաղաքում լրագրողների համար տեղադրված վրանին հասցված նպատակային իսրայելական հարվածի հետևանքով։

Կիրակի երեկոյան ուշ ժամին Գազայի գլխավոր «Ալ Շիֆա» հիվանդանոցի գլխավոր մուտքի մոտ գտնվող վրանի վրա հարձակման հետևանքով սպանվել է յոթ մարդ։ Նրանց թվում են Al Jazeera-ի թղթակից Մոհամմեդ Քրեյքեհը և օպերատորներ Իբրահիմ Զահերը, Մոհամմեդ Նուֆալը և Մոամեն Ալիուան։

Սպանվելուց անմիջապես առաջ ԶԼՄ-ի թղթակից ալ-Շարիֆը, որը, ըստ հաղորդումների, լայնորեն լուսաբանել էր Հյուսիսային Գազայի իրադարձությունները, X հարթակում գրել էր, որ Իսրայելը սկսել է ինտենսիվ, կենտրոնացված ռմբակոծություն Գազայի քաղաքի արևելյան և հարավային հատվածներում։

Նրա վերջին տեսագրությունում լսվում են Իսրայելի ինտենսիվ հրթիռակոծության բարձր ձայները, իսկ մթին երկինքը փայլատակում է նարնջագույն լույսով։

Ապրիլի 6-ին գրված և մահվան դեպքում հրապարակման համար նախատեսված իր վերջին ուղերձում ալ-Շարիֆը նշել էր, որ «ապրել է ցավը իր բոլոր մանրամասներով» և «կրկին ու կրկին ճաշակել է վիշտն ու կորուստը»։

«Չնայած դրան՝ երբեք չեմ տատանվել փոխանցել ճշմարտությունը՝ ինչպես կա, առանց խեղաթյուրման` հույսով, որ Աստված վկա կլինի նրանց, ովքեր լռեցին, ովքեր ընդունեցին մեր սպանությունը և ովքեր խեղդեցին մեր շունչը»,-գրել էր նա։

«Մեր երեխաների և կանանց մարմինների խոշտանգված մնացորդները անգամ չկարողացան շարժել նրանց սրտերը կամ կանգնեցնել կոտորածը, որին մեր ժողովուրդը ենթարկվում է արդեն մեկ ու կես տարուց ավելի»։

Լրագրողը նաև ցավ էր հայտնել, որ ստիպված է եղել թողնել իր կնոջը՝ Բայանին, և չի կարողացել տեսնել, թե ինչպես են մեծանում իր որդին՝ Սալահը, և դուստրը՝ Շամը։

Al Jazeera-ն դատապարտել է սպանությունները՝ դրանք որակելով որպես «թափանցիկ և նախապես ծրագրված հարձակում մամուլի ազատության վրա»։

«Այս հարձակումը տեղի է ունենում Գազայի վրա շարունակվող իսրայելական հարձակման աղետալի հետևանքների պայմաններում, որը հանգեցրել է քաղաքացիական անձանց կոտորածի, հարկադիր սովի և ամբողջական համայնքների ոչնչացման։ Անաս ալ-Շարիֆի՝ Գազայի ամենահամարձակ լրագրողներից մեկի, և նրա գործընկերների սպանության հրամանը հուսահատ փորձ է լռեցնելու այն ձայները, որոնք բացահայտում են Գազայի մոտալուտ գրավումն ու օկուպացիան», -ասված է հայտարարությունում։

Լրատվամիջոցը կոչ է արել միջազգային հանրությանը և բոլոր համապատասխան կառույցներին «որոշիչ քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու այս շարունակվող ցեղասպանությունը և վերջ տալու լրագրողների դիտավորյալ թիրախավորմանը»։

Al Jazeera-ի մեկ այլ թղթակից Հանի Մահմուդը, որը հարվածի պահին գտնվել է ընդամենը մեկ թաղամաս հեռու, նշել է, որ ալ-Շարիֆի մահվան մասին հաղորդելը ամենադժվարն է եղել վերջին 22 ամիսների պատերազմական իրադարձությունների ընթացքում։

Մահմուդը, ով աշխատում է ցանցի անգլալեզու ալիքում, ասել է, որ լրագրողները սպանվել են «քանի որ անդադար լուսաբանում էին սովի, քաղցի և թերսնման մասին, որոնց ենթարկվում են պաղեստինցիները Գազայում, և որովհետև նրանք աշխարհին էին հասցնում այս հանցագործության մասին ճշմարտությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել