Վոլոդյա Սարիբեկյանը 2001 թվականին իր «Վազ 2101» մակնիշի մեքենան որպես պահեստամաս վաճառել է այլ անձի: Իրավաբան.net-ի հետ զրույցում նա հայտնեց, որ մեքենայի պետհամարանիշն ու փաստաթղթերը չեն պահպանվել, չի էլ հիշում մեքենա գնած անձի անուն- ազգանունը:
Ինչպես հազարավոր այլ վարորդների, Վոլոդյա Սարիբեկյանին ևս Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար:
«Ես դիմեցի ոստիկանության տարածքային բաժին, և ի գիտություն հայտնեցի, որ այդ մեքենան այլևս գոյություն չունի և խնդրեցի ինձ տալ տեղեկանք Ճանապարհային ոստիկանություն ներկայացնելու համար»,- ասաց Վոլոդյա Սարիբեկյանը:
Ոստիկանության տարածքային բաժնից վարորդին տեղեկանք են տվել այն մասին, որ նա կորցրել է ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրն ու համարանիշը: Այդ տեղեկանքի հիման վրա Ճանապարհային ոստիկանությունը մեքենան պետական գրանցումից` հաշվառումից, հանել է` հիմք ընդունելով մեքենայի խոտանված լինելը:
Նա բողոքարկել է նաև իրեն տուգանելու մասին Ճանապարհային ոստիկանության որոշումը:
Նունե Հովսեփյան