Բռնության կանխարգելման ճանապարհին․ նոր քայլեր և բարեփոխումներ

Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրում կարևորվում է ընտանեկան և կենցաղային բռնության, ինչպես նաև երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարը։

Ոստիկանությունը կարևոր դեր ունի ընտանեկան և կենցաղային բռնության, ինչպես նաև երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում։ Կառավարության առաջնահերթություններից է այս ոլորտում Ոստիկանության լիազորությունների հստակ իրավական կարգավորումը։

Թեև արդեն իսկ ընդունվել են մի շարք օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր, այդ թվում՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը, դեռևս առկա են համագործակցության և կիրառման հարցեր։ 

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Մարատ Ատովմյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ն ունի հատուկ օրենսդրությունը, որը վերաբերում է ընտանեկան բռնության դեմ պայքարին։ 

«Ոստիկանությունն ունի համապատասխան ստորաբաժանում, որը զբաղվում է ընտանեկան բռնությունների կանխարգելմամբ, բռնարարների հաշվառմամբ և նրան հետ աշխատանքներ է տանում։ Կան նաև միջազգային համապատասխան փաստաթղթեր, նաև միջազգային հաջողված փորձ, թե ինչպես է պետք բացահայտել և կանխարգելել նման դեպքերը»,-նշում է Մարատ Ատովմյանը։

Ընտանեկան և կենցաղային բռնության ինչպիսի տեսակներ կան

Ընտանեկան և կենցաղային բռնություն է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնի արարքը կամ անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների կամ զուգընկերների կամ ընտանիքի նախկին անդամների կամ նախկին զուգընկերների միջև՝ անկախ նրանց համատեղ բնակվելու հանգամանքից:

Տեսակներն են՝

  1. ֆիզիկական բռնություն,
  2. սեռական բռնություն,
  3. հոգեբանական բռնություն,
  4. տնտեսական բռնություն,
  5. անտեսում։

Օրենքը և դրանում կատարված փոփոխությունները

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը գործում է 2018-ի հունվարի 31-ից։

Դրա կիրառման ընթացքում կատարվել են մի շարք բարեփոխումներ, որոնք նպատակ ունեն.

  • ավելի հստակ սահմանել բռնության ենթարկված անձանց շրջանակը,
  • նրանց ապահովել ավելի արդյունավետ պաշտպանությամբ,
  • կատարելագործել պաշտպանական մեխանիզմները՝ հիմնվելով ինչպես ազգային փորձի, այնպես էլ միջազգային առաջադեմ պրակտիկայի վրա։

Բացի այդ, Կառավարությունը մշակել է երկու ռազմավարական փաստաթուղթ՝

  1. Գենդերային քաղաքականության իրականացման 2024–2028թթ․ ծրագիրը, որը նախատեսում է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման և օգնության ուղիներ։
  2. Երեխայի իրավունքների պաշտպանության 2024–2029թթ․ ծրագիրը, որն ընդգրկում է երեխաների առևանգման, սեռական բռնության, բուլինգի և այլ բռնության ձևերի դեմ պայքարի միջոցառումներ։

Այս ծրագրերին համապատասխան, Ներքին գործերի նախարարությունը պետք է նախաձեռնի է մի շարք համալիր գործողություններ, որոնք կներառեն.

  • ապացուցահեն քաղաքականություն,
  • մասնագիտական կարողությունների զարգացում,
  • գերատեսչությունների միջև ավելի սերտ համագործակցություն։

Վերապատրաստումների կարևորությունը

Ընտանեկան բռնության զոհերը՝ հատկապես կանայք և երեխաները, առավել խոցելի են կրկնաբար բռնության ենթարկվելու առումով։ Ուստի կարևոր է.

  • կիրառել վստահություն առաջացնող հաղորդակցության մեթոդներ,
  • բացառել մեղադրական կամ արժեզրկող լեզու,
  • ապահովել պատշաճ արձանագրում և զոհերի անվտանգ տեղափոխում, օրինակ՝ ապաստարան։

Այս նպատակով անհրաժեշտ է.

  • մշակել հատուկ հաղորդակցության ուղեցույցներ,
  • վերանայել Ոստիկանության վերապատրաստման ծրագրերը,
  • ձևավորել գործողությունների ստանդարտ ընթացակարգեր, որոնք երաշխավորում են զոհակենտրոն և գենդերազգայուն մոտեցում։

ՀՀ-ում ռազմավաարության գործողությունների ծրագրով նախատեսվում է մշակել և հաստատել ընտանեկան բռնության կանխարգելիչ հաշվառման շրջանակում անչափահաս անձի կողմից ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրելը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկման կարգը։ 

Բացի այդ,պետք է մշակվի և ընդունվի ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը։

Նախատեսվում է նաև առանձին աշխատանքային ուղեցույցներ՝ երեխաների և բռնության ենթարկված այլ անձանց հետո հաղորդակցության համար։ Կվերապատրաստվեն նաև ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ պարեկներին։

Միջազգային հաջողված փորձը

Օրինակ՝ եվրոպական մի շարք երկրներում գործում են barnahus-ներ։ Դա մի վայր է, որտեղ իրավապահ մարմինների, քրեական արդարադատության, երեխաների պաշտպանության ծառայությունների, ինչպես նաև առողջապահության և հոգեկան առողջության մասնագետների բազմամասնագիտական ​​և միջգերատեսչական թիմը համագործակցում է՝ երեխաների պաշտպանության և երեխաներին հարմար արդարադատության օպտիմալացված ծառայություններ մատուցելու համար: Ծառայությունները տրամադրվում են անվճար երեխաներին և նրանց ընտանիքներին:

Երեխաների պաշտպանության այս կենտրոնները, որոնք առաջին անգամ սկսել են գործել Միացյալ Նահանգներում 1985 թվականին: Կենտրոնի նպատակն էր կանխել կրկնակի տրավման՝ ապահովելով երեխաների համար բարենպաստ, անվտանգ և չեզոք միջավայր դատաբժշկական փորձաքննությունների, հարցաքննությունների, բժշկական զննությունների և բուժման համար: 

Իսլանդիան barnahus-ը հիմնադրել է 1998 թվականին՝ ոգեշնչվելով Երեխաների պաշտպանության կենտրոնի մոդելով: Barnahus-ը տարբերվում էր Երեխաների պաշտպանության կենտրոնի մոդելից նրանով, որ դրա ծառայությունները ինտեգրված էին ազգային հանրային բարեկեցության և դատական ​​համակարգերի մեջ:

Երեխայի barnahus-ում տեսաձայնագրված ցուցմունքը դատական ​​​​վարույթի համար վավեր ապացույց է համարվում, այդպիսով վերացնելով երեխայի կողմից դատարան ներկայանալու համար ամիսներ կամ տարիներ սպասելու անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ հարգելով պաշտպանության իրավունքները:

Այնուհետև մոդելը ընդունվել է այլ սկանդինավյան երկրներում՝ հիմնվելով իսլանդական պրակտիկայի վրա. նախ՝ Շվեդիայում 2005 թվականին, Նորվեգիայում 2007 թվականին և Դանիայում 2013 թվականին։ Ընդհանուր առմամբ, սկանդինավյան երկրներում կա ավելի քան 50 barnahus-ի կետ։

1991 թվականից Կանադայի կառավարությունը ստեղծել է Family Violence Initiative ծրագիրը՝ միավորելով 15 ֆեդերալ նախարարություններ և գործակալություններ՝ ընտանեկան բռնության կանխարգելման և աջակցության ոլորտում։

Ծրագիրը 24/7 թեժ գծեր ու ապաստարաններ ունի Կանադայի բոլոր նահանգներում, հատուկ նախապատրաստումներ է իրականացնում ոստիկանների, բժիշկների, ուսուցիչների համար, որոնք պետք է աշխատեն բռնություն ապրած անձնաց հետ։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ համակարգված մոտեցումը, զոհակենտրոն քաղաքականությունը և միջգերատեսչական համագործակցությունը կենսական են՝ բռնության դեպքերի կանխարգելման և արդյունավետ արձագանքի ապահովման համար։

«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրով` «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհի շրջանակում:

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում: Նախատեսվում է ծրագրի իրականացման ընթացքում սերտ համագործակցություն և ներգրավում հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել