Եվրոպական որոշ երկրներում ջերմաստիճանը գերազանցել է +40°C։ Տեղական իշխանությունները կոչ են անում զգոն լինել, քանի որ չոր եղանակը, ուժեղ քամիներն ու շոգը կարող են հանգեցնել անտառային հրդեհների, այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական մի քանի շրջաններ դիտարկում են որոշ աշխատանքների արգելման հնարավորությունը օրվա ամենաշոգ ժամերին՝ ուժեղ շոգի պատճառով։ 17 քաղաքներում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ։
Լացիոն, Տոսկանան, Կալաբրիան, Ապուլիան և Ումբրիան այն շրջաններից են, որոնք պատրաստվում են կիրառել այդ միջոցը՝ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ֆոնին։ Իտալիայի առողջապահության նախարարությունը 27 դիտարկվող քաղաքներից 17-ին՝ այդ թվում Հռոմը, Միլանը և Նեապոլը, դասել է ամենաբարձր՝ ջերմային տագնապի մակարդակին։
Ինչ վերաբերում է Եվրոպայի մնացած հատվածներին, Իսպանիայի AEMET ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ այս հունիսը կարող է դառնալ ամենաշոգը դիտարկումների պատմության մեջ. Սևիլիայում և այլ հարավային քաղաքներում ջերմաստիճանը հասել է +42°C։