Բաքվի զինվորական դատարանում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք հավաստի աղբյուր չեն կարող հանդիսանալ, նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը դատարանին խնդրել է քրեական գործով մեղադրական եզրակացության պատճենը տրամադրել իր ընտանիքին։ Նրա փաստաբան Ավրաամ Բերմանը պաշտպանել է այդ դիրքորոշումը։
Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը, մեկնաբանելով միջնորդությունը, հայտարարել է, թե իբր «մեղադրական ակտը» պարունակում է տեղեկություններ, որոնք «քրեական դատավարության մասնակիցների անձնական և ընտանեկան գաղտնիք են կազմում, դրանց տարածումը օրենսդրությամբ անթույլատրելի է համարվում»:
Բացի այդ, նրա խոսքով, Ադրբեջանի Քրեական դատավարության օրենսգրքով «հստակեցվել է այն անձանց ցանկը, որոնց կարող է տրվել մեղադրական ակտը և դրա պատճենը, և մեղադրյալի ընտանիքի անդամներն այդ ցուցակում ընդգրկված չեն»: Այդ կապակցությամբ նա խնդրել է չբավարարել միջնորդությունը։ «Դատավորների կոլեգիան», տեղում խորհրդակցություն անցկացնելով, որոշում է կայացրել մերժել միջնորդությունը:
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 10-ին։