Ոչ իրավաչափ վարչարարության վնասների հատուցումը

Շատ հաճախ, երբ վարչական մարմնի կողմից ընդունվում է ոչ իրավաչափ վարչական ակտ, ակտի հասցեատերը բավարարվում է այն բողոքարկելով և ակտի անվավերության փաստը հաստատելով: Սակայն մինչ ակտի ոչ իրավաչափության փաստի հաստատումը և նույնիսկ ոչ իրավաչափ ակտի ընդունման փաստով իսկ ակտի հասեատերը կրում է վնասներ, որոնք ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով:

Ոչ իրավաչափ վարչարարության, օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է` Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը՝ կախված այն հանգամանքից, թե որ վարչական մարմինն է ընդունել ոչ իրավաչափ վարչական ակտը, և ըստ այդմ էլ վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կամ համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

Վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ եթե օրենքով նախատեսված է պատասխանատվություն իրավաչափ վարչարարությամբ վնաս պատճառելու համար:

Վնասի հատուցումը կարող է իրականացվել երկու եղանակով՝ վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:

Եթե վնասը որևէ փաստացի դրության` ի վնաս անձի փոփոխության մեջ է, ապա պատասխանատվություն կրողը պարտավոր է վերացնել դրա առաջացրած հետևանքները` նախկին դրության, իսկ եթե դա անհնար կամ անարդյունավետ է, ապա դրան համարժեք այլ դրության վերականգնման միջոցով:
Հետևանքները վերացնելը բացառվում է, եթե փաստացի կամ իրավական հիմքերով հնարավոր չէ նախկին դրության վերականգնումը, ինչպես նաև այն դեպքում, երբ գոյություն ունեցող դրությունը համապատասխանում է անձի համար անվիճարկելի դարձած վարչական ակտին:

Եթե անձը մեղք ունի ոչ իրավաչափ դրության առաջացման համար, ապա նա հետևանքների վերացում կարող է պահանջել, եթե ցանկանում է և ի վիճակի է կրելու հետևանքների վերացման` իր մեղքով առաջացած ծախսերի մասնաբաժինը:

Պատասխանատվություն կրողը վնասը հատուցում է դրամական միջոցներով, եթե հետևանքների վերացումը հնարավոր կամ բավարար չէ, կամ հետևանքների վերացման համար անհրաժեշտ են ավելի մեծ ծախսեր, քան պատճառված գույքային վնասը:
Վնասի հատուցում պահանջող անձը կրում է վնասի հետևանքների վերացման ծախսերն այն չափով, որ չափով դրանք առաջացել են իր մեղքով:

Եթե անձն ի վիճակի չէ կրելու այդ ծախսերը, ապա նա պարտավոր է վնասի հատուցման պահանջը սահմանափակել այն ծախսերի չափով, որոնք առաջացել են պատասխանատվություն կրողի մեղքով:

Վնասի հատուցման պահանջը դիմումի տեսքով պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է դա՝ այն պահից հետո` 3 տարվա ընթացքում, երբ անձն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իրեն պատճառված վնասի մասին, բայց ոչ ուշ, քան այն գործողության կատարման կամ անգործություն թույլ տալու կամ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից 10 տարին լրանալը, որով նրան վնաս է պատճառվել:

Վնաս կրած անձը վարչական մարմնի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է դա բողոքարկել` վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու համար` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել