Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով նախատեսված արարքի սուբյեկտների շրջանակը՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`» բառերը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով փոխարինելով:
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածում կկատարվեն հետևյալ փոփոխությունները.
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը.»
2)1-ին և 2-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործնականում ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի սուբյեկտային շրջանակի որոշման վերաբերյալ առաջացել են որոշ տարակարծություններ:
Այս համատեքստում, հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը տեղակայված է «Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 43-րդ գլխում, որից բխում է, որ հիշյալ հանցակազմի տեսակային օբյեկտը հանրային ծառայության շահերի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այս տեսակ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը կամ հայտարարագիրն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը վտանգում է հանրային ծառայության բնականոն, օրինական և վստահելի գործունեությունը, որը հիմնված է հրապարակայնության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքի վրա։ Հետևաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, կամ այն վարչական պատասխանատվության կիրառումից հետո չներկայացնելու համար:
Այս մասին է վկայում նաև այն, որ քննարկվող հոդվածի 2-րդ մասը նախատեսում է առավել խիստ պատասխանատվություն՝ այն դեպքերի համար, երբ հայտարարագրման ենթակա տվյալների խեղաթյուրումը, թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի, եկամտի կամ ծախսի չհայտարարագրմանը։
Այս համատեքստում, ուշագրավ է այն, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման պարտականություն, ընդ որում՝ հիշյալ օրենքում օգտագործվում են «գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր» և «գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր» ձևակերպումները: Ավելին՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում (25-րդ, 25.1-ին հոդվածներ) այս տերմինները ևս գործածվում են միասին: Ուստի, հիշյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի տեղադրությունը ՀՀ քրեական օրենսգրքի «Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 43-րդ գլխում, ինչպես նաև այս հոդվածի կառուցվածքը, ակնհայտ է, որ օրենսդրի կամքն ուղղված է հանրային ծառայության ոլորտում հայտարարագրման պարտականության խախտումներին քրեաիրավական գնահատական տալուն, իսկ 2-րդ մասում նշված «եկամուտ» բառը չի կարող գնահատվել և/կամ մեկնաբանվել առանձին:
Ավելին՝ նույն գլխում առկա մեկ այլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում ապօրինի հարստանալու համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը և (կամ) ծախսը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցանքի հատկանիշները բացակայում են:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ թե՛ ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածը, թե՛ 444-րդ հոդվածը ներառված են ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ի կոռուպցիոն հանցանքների ցանկում:
Բացի այդ, հատկանշական է նաև, որ տարբեր տեսակի հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելու կամ այդ տեսակ հայտարարագիր չներկայացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված են առանձին հոդվածներ:
ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի համաձայն`
«1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը կամ հայտարարագիրը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը՝
պատժվում է (…) կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի կամ ծախսի չհայտարարագրմանը`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
Ավելին՝ այստեղ։
Նշենք, որ այս խնդիրին անդրադարձել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ քրեական հետապնդում է սպասվում հայտարարագիր չներկայացնող կամ կեղծ տվյալներ լրացնող քաղաքացիների համար։