ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել մարտ ամսին իրենց ստացած նվերները։
Փաշինյանը մարտի 12-ին Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ ստացել է ձեռքով նկարած «Royal Delft 1653» ապրանքանիշի «Հողմաղաց» ափսե, քաշը՝ 0,48 կգ։
Նա ստացած նվերի արժեքը գնահատել է 196 հազար 378 դրամով։
Oգտագործվել է ապրանքի կամ ծառայության համար արժեք սահմանող առաջնային աղբյուրը՝ https://royaldelft.com/en/։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 17-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի հետ հանդիպման ընթացքում ստացել է նվեր՝ 7,7 գրամանոց 925 հարգի արծաթե, չեխական գրանատ քարերով զարդարված տղամարդու ճարմանդ։
Նա ստացած նվերի արժեքը գնահատել է 67 հազար 280 դրամով։
Oգտագործվել է ապրանքի կամ ծառայության համար արժեք սահմանող առաջնային աղբյուրը՝ https://www.granat.cz/:
Iravaban.net-ը ավելի վաղ ներկայացրել է նաև 2024 թվականի ընթացքում պաշտոնատար այլ անձանց ներկայացրած նվերները, դրանց գների արժանահավատության վերաբերյալ ուսումնասիրություն կատարել։
ԿԿՀ-ից բերվել է այն կարգավորումը, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից հայտարարագրած նվերների արժեքը գնահատվում է նվերը ստացող անձի կողմից՝ օգտվելով ինտերնետային տիրույթում առկա բաց աղբյուրներում հասանելի տվյալներից, կամ նույն կամ նույնանման ապրանքների կամ ծառայությունների գների վերաբերյալ հանրամատչելի տեղեկություններից։
Ճիշտ է, նվերների արժեքների գնահատումը սահմանվում է այդ ընթացակարգով, սակայն ողջամիտ կասկածներ կարող են առաջանալ, թե ինտերնետային տարբեր հարթակներից այլ ապրանքների հետ համադրման եղանակով ինչպես կարող է տվյալ նվերի վերջնական արժեքը որոշվել, ու պաշտոնյաներն այդ պարագայում կարող են գնային տարբեր արժեքներով գնահատել ստացած նվերները։
Ընդ որում, գնահատման համար ընտրված մեթոդաբանության վերաբերյալ ԿԿՀ-ից մեր հարցին ի պատասխան նշել են, որ բաց աղբյուրներից օգտվելու պարագայում գնի որոշման համար համադրվում են առնվազն 2 նմանատիպ աղբյուրներ, կամ օգտագործվում է ապրանքի կամ ծառայության համար արժեք սահմանող առաջնային աղբյուրը։
Հանձնաժողովից նաև հղում են արել որոշման մեկ այլ կարգավորման․ գների որոշման նպատակով նվեր ստացող անձը կարող է օգտվել էլեկտրոնային և առկա առևտրային բոլոր հարթակներից (օրինակ՝ amazon, e-bay, taobao, ozon, wildberries, Հայաստանի Հանրապետության կամ արտերկրում գործող առևտրի կամ ծառայությունների մատուցման այլ հարթակներ)։
Գաղտնիք չէ, որ էլեկտրոնային առևտրային հարթակներում արձանագրվող գնային տատանումները և համադրելի ապրանքների արժեքների բազմազանությունը էապես տարբեր գներ են տալիս և կարող են բարդացնել նվերների օբյեկտիվ գնահատման գործընթացը։ Առավել մանրամասն՝ այստեղ։
Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը: