Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակցության հերթական ցույցի մասնակիցների դեմ, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Ցուցարարները հավաքվում են Սարաչխանե պուրակում և քաղաքապետարանի դիմացի հրապարակում։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը հերթական անգամ բողոքի ակցիաների կոչ է արել։ Կիրակի ավելի շատ ցուցարարներ են հավաքվել, քան նախօրեին: Հավաքվածների մեծ մասն իրեն խաղաղ է պահել՝ դրոշներ են ծածանել և կարգախոսներ բացականչել: Ընդ որում՝ ոմանք շշեր ու հրավառություն են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ուժայինները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել։

Միաժամանակ, Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման ֆոնին կոչ է արել Թուրքիայում նախագահի արտահերթ ընտրություն անցկացնել։ Մարտի 19-ին իրավապահները ձերբակալել էին Իմամօղլուին կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապ ունենալու գործով։ Պաշտոնյան ցուցմունք տալիս հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։

Հիշեցնենք՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել: Էքրեմ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի նախագահի հաջորդ հերթական ընտրությունում ընդդիմադիր հիմնական թեկնածուն և նախագահ Էրդողանի հիմնական մրցակիցը։

Տեսանյութերը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել