2025 թվականի փետրվարի 12-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման համաթիվ-2024» զեկույցը, որտեղ ուսումնասիրվել է հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումը աշխարհի 180 երկրներում և տարածաշրջաններում։
Զեկույցի համաձայն՝ Հայաստանի ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 47 միավոր։ Սակայն երկիրը նահանջել է մեկ հորիզոնականով՝ նախորդ տարվա 62-րդ տեղից անցնելով 63-րդ հորիզոնական։
Համաշխարհային վարկանիշային աղյուսակում առաջատար դիրքերում են Դանիան՝ 90 միավորով, Ֆինլանդիան՝ 88 միավորով և Սինգապուրը՝ 84 միավորով։ 100 միավորը նշանակում է կոռուպցիայից առավելագույնս զերծ երկիր, իսկ 0-ն՝ բարձր կոռումպացված։
Տարածաշրջանային պատկերն այսպիսին է՝
- Վրաստանը տարածաշրջանի առաջատարն է՝ 53 միավորով (53-րդ տեղ)
- Թուրքիան 34 միավորով 107-րդ հորիզոնականում է
- Իրանը 23 միավորով զբաղեցնում է 151-րդ տեղը
- Ադրբեջանը և Ռուսաստանը 22-ական միավորով կիսում են 154-րդ հորիզոնականը
Զեկույցում նշվում է, որ թեև կոռուպցիան շարունակում է մնալ համաշխարհային մարտահրավեր, որոշ երկրներ արձանագրել են դրական առաջընթաց։ 2012 թվականից ի վեր 32 երկրում էականորեն նվազել է կոռուպցիայի մակարդակը։ Սակայն նույն ժամանակահատվածում 148 երկրում ցուցանիշները կա՛մ մնացել են անփոփոխ, կա՛մ վատթարացել են։
Լուսանկարը՝ հրապարակված զեկույցից։