Ֆոն դեր Լայենը վճռական պատասխան է խոստացել ԱՄՆ-ին՝ մաքսատուրքերի սահմանման դեպքում

Եվրամիությունը վճռականորեն կպատասխանի Միացյալ Նահանգներին, եթե Վաշինգտոնը մաքսատուրքեր սահմանի եվրոպական ապրանքների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Եթե մեր դեմ անարդարացիորեն մաքսատուրքեր սահմանվեն, ապա ԵՄ-ն կպատասխանի վճռականորեն», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է մարտահրավերների ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։

Իր հերթին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ասել է, որ «ԱՄՆ-ն ԵՄ-ի բարեկամն է, դաշնակիցը և գործընկերը»։

«Տարաձայնություններ կարող են լինել բարեկամների միջև: Այդ դեպքում մենք պետք է խոսենք և գտնենք լուծումներ՝ միաժամանակ պաշտպանելով մեր արժեքները, սկզբունքներն ու շահերը», – ասել է նա։

Ավելի վաղ բրիտանական The Daily Telegraph թերթը, վկայակոչելով ԱՄՆ նոր վարչակազմին մոտ կանգնած աղբյուրների, հայտնել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ԵՄ-ից ամբողջ ներմուծումը 10% մաքսատուրքերով հարկելու հնարավորությունը։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ ԱՄՆ ղեկավարի վարչակազմում այդ հարցի շուրջ  դեռ լիակատար համաձայնություն չկա:

Միևնույն ժամանակ Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի 10% մաքսատուրքերը փետրվարի 4-ից ուժի մեջ են մտել, մինչդեռ Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ 25% մաքսատուրքերի սահմանումը հետաձգվել է 30 օրով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել