ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի բանակցություններ վարել Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին, հաղորդում է Reuters-ը:
Թրամփը պատժամիջոցների մասին մանրամասներ չի հայտնել։
«Մենք խոսում ենք Զելենսկու հետ, մենք շատ շուտով կխոսենք նաև նախագահ Պուտինի հետ»,- հայտնել է Թրամփը։
ԱՄՆ նախագահն ասել է, որ ակնկալում է «շատ շուտով» խոսել Պուտինի հետ։ Խոսելով ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին՝ Թրամփը նշել է, որ պատրաստ է բանակցել ցանկացած ժամանակ, երբ Պուտինը ցանկանա։
Իր ելույթի ժամանակ Թրամփը ևս մեկ անգամ ասել է, որ Ռուսաստանը երբեք չէր հարձակվի Ուկրաինայի վրա, եթե ինքը մնար իր պաշտոնում։ «Ես շատ լավ փոխըմբռնում ունեի Պուտինի հետ։ Սա երբեք, երբեք տեղի չէր ունենա: Նա չհարգեց Ջո Բայդենին։ Շատ պարզ. նա խելացի է, նա հասկանում է, նա չի հարգում Բայդենին»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ իր վարչակազմն ուսումնասիրում է Ուկրաինա զենք ուղարկելու հարցը, սակայն նշել է, որ Եվրամիությունը պետք է ավելին անի Ուկրաինային աջակցելու համար։