2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ.Խ.-ն հանդիսանալով կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, 2021-2024 թվականներն ընկած ժամանակահատվածում թաքցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 337 մլն 384 հզր ՀՀ դրամի հարկեր:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նախաքննության ընթացքում 20 մլն ՀՀ դրամը վերականգնվել է պետական բյուջե:
2025 թվականի հունվարի 10-ին Մ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):
Վերջինիս նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու նպատակով կատարվում են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: