ՀՀ ընտանեկան օրենսգրքի հոդված 89-ը սահմանում է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքելու, կատարելու, փոփոխելու, լուծելու և անվավեր ճանաչելու կարգը։
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքելու, կատարելու, փոփոխելու, լուծելու և անվավեր ճանաչելու նկատմամբ կիրառվում են քաղաքացիաիրավական գործարքների կնքման, կատարման, փոփոխման, լուծման և անվավեր ճանաչման վերաբերյալ քաղաքացիական օրենսդրության նորմերը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը ցանկացած ժամանակ կարող է փոփոխվել կամ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը փոփոխելու կամ լուծելու ձևը պետք է համապատասխանի այն կնքելու ձևին:
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը միակողմանիորեն փոփոխել կամ լուծել չի թույլատրվում:
Կողմերի գույքային և ընտանեկան դրության էական փոփոխությունների, ինչպես նաև ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության փոփոխման կամ լուծման վերաբերյալ անհամաձայնության դեպքում շահագրգիռ կողմն այդ համաձայնության փոփոխման կամ լուծման հայցով դատարան դիմելու իրավունք ունի: Ալիմենտ վճարելու համաձայնության փոփոխման կամ լուծման հարցը որոշելիս դատարանը կարող է հաշվի առնել կողմերի` ուշադրության արժանի ցանկացած շահ:
Նույն օրենսգրքի հոդված 95-ը սահմանում է, որ ալիմենտ ստանալու իրավունք ունեցող անձը կարող է ալիմենտի բռնագանձման համար դիմել դատարան`անկախ ալիմենտի իրավունքի առաջացման պահից անցած ժամանակահատվածից, եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախկինում ալիմենտ չի վճարվել։
Ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից։ Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով։