Զարինե Ա․-ն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում, կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց հետ կատարել է խուլիգանություն:
Ըստ մեղադրական եզրակացության՝ կինը բողոքի ակցիա իրականացնող, իրավահպատակ վարքագիծ դրսևորող այլ անձանցից առանձնանալու, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով Ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջ-հորդորները, շիշ և անհայտ առարկա է նետել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ծառայողների և ՀՀ կառավարության շենքի ուղղությամբ, որի արդյունքում խախտվել է նշված վայրում գտնվող անձանց անդորրը և կազմակերպված ակցիայի բնականոն ընթացքը:
Գործը դատարան է ստացվել 2024 թվականի դեկտեմբերի 26-ին և մակագրվել դատավոր Մարտին Արզումանյանի։
Զարինե Ա․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Այան է՝ խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։
Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: