Դատարանում ընթերցվեցին Վանո Սիրադեղյանի մասնակցությամբ 30 տարվա վաղեմության գործով արձանագրությունները

Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ,  նոյեմբերի 25-ին, շարունակվեց Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի վերաբերյալ 2000 թվականին կասեցված, այնուհետև վերսկսված քրեական գործի քննությունը։

Զբաղեցնելով նախարարի պաշտոնը՝ Վանո Սիրադեղյանը, ըստ մեղադրանքի, 1992 թվականի ամռանը Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ (բանդա), որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները։

Վանո Սիրադեղյանի և ևս 11 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարան է ուղարկվել 1999 թվականի հուլիսին։ Մեղադրյալների թվում էին ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանն ու ներքին զորքերի այլ ներկայացուցիչներ։ (Արմեն Տեր-Սահակյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դատարան էր ուղարկվել ավել վաղ և լսվել է այլ դատարանում)։

2000 թվականին Վանո Սիրադեղյանը դիմել է փախուստի, նրա վերաբերյալ մասն անջատվել է Վահան Հարությունյանի և մյուսների գործից։ Վերջիններիս առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են դատարանում և դատապարտվել։ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել էր՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով։

2021 թվականի հոկտեմբերի 16-ին Վանո Սիրադեղյանը մահացել է։ Եվ, ահա, 2022 թվականին նրա վերաբերյալ հարուցված քրեական գործի քննությունը վերսկսվել էր։ Փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ Խաչատուր Սիրադեղյանը պահանջելու է շարունակել գործի քննությունը՝ արդարացման ակնկալիքով։ 

Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկայացել էին Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը և հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը։ Գործով պաշտպան Տիգրան Եգորյանը դատական նիստին ներկա չէր։

Դատավարության կողմերը առարկություն չհայտնեցին դատական նիստը առանց պաշտպանի ներկայության շարունակելու վերաբերյալ։ Գրավոր ապացույցների ներկայացման ժամանակ հանրային մեղադրողը ընթերցեց 1994 թվականի հունիս ամսվա արձանագրությունները:

Առաջինը ներկայացվեց հատկապես կարևոր գործերով քննիչ Թովմասյանի արձանագրությունները Ա․ Իսրաելյանի, Ի․ Հովհաննիսյանի Երևանի թիվ 3 պոլիկլինիկայի ընդունարանի բժիշկ Լ․ Թոլքմաջյանի ցուցմունքները, որոնց վրա հիմնվելով կատարվել է  պոլիկլինիկայի ընդուրանի մատյանի քննությունը։ Մատյանում նշված է, որ 1994 թվականի հունիսի 2-ին հիվանդանոցի ընդունարան է բերվել Արթուր Հակոբյանը, ում ուղեգրել են գաստրոլոգիայի բաժին։ Հակոբյանի մասին մատյանում այլ տվյալներ չեն հայտնաբերվել։

Ընթերցվեց մեկ այլ արձանագրություն հագուստների զննության և առգրավվման  մասին, ըստ որի՝ հրազենային վնասվածքով պոլկիկլինիկա տեղափոխված Ա․ Հակոբյանի հագուստները՝ ներքնաշապիկը, անդրավարտիքը և կոշիկները, 220 դրամ, որը եղել է Հակոբյանի անդրավարտիքի գրպանում, առգրավվել են զննության նպատակով։ Զննությամբ պարզվել է, որ ներքնաշապիկի վրա առկա են վնասվածքներ և արյան չորացած հետքեր։

Անդրավարտիքի գոտկատեղի ձախ վերևի հատվածը ներծծված է արյան նման կարմիր գույնի հեղուկով, առկա է նաև գործվածքի վնասվածք։ Անդրավարտիքի վրա դիտվում են նաև մշրված ապակու նմանվող, և լույսի տակ փայլող մանրագույն մասնիկներ։ Արյան հետքեր են հայտնաբերվել ինչպես կոշիկների ներսի հատվածում այնպես էլ թղթադրամների վերևի հատվածների վրա։

Հաջորդ արձանգրությունը վերաբերվում է Վլադիմիր Գրիգորյանի սպանության նախապատրաստության ու նրա նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի իրական հանգամանքների բացահայտումը կանխելու և այդ փաստերի առթիվ հարուցված քրեական գործերով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելուն և կազմվել է Երևանի Մարշալ Բաղրամյանի պողոտայի տներից մեկում, 1994-ի հունիսի 4-ին։ 

Արձանագրությունը կազմելու համար կատարվել է  վերնաշապիկի, կոստյումի, գրիչի զննություն։ Վլադիմիր Գրիգորյանը հայտարարել է, որ իր ավտոմեքենայով ընթանալիս, հանցացործների գնդակոծության ժամանակ իր հագին է եղել կոստյումը, իսկ գրպանում գրիչը, որը վնասվել է գնդակոծության հետևանքով։

Բաճկոնի վրա առկա է արնանման կարմիր գույնի հետքեր թվով 17 կաթիլների տեսքով և թվով 17 գործվածքային վնասվածքներ, որոնք արտաքնապես նման են բեկորային վնասվածքների և 2 մոխրագույն փոքր բեկորներ։ Գրիչը ունեցած վնասվածքի պատճառով դժվար էր բացվում և փակվում։ Ըստ Գրիգորյանի՝ գրիչի վրա վնասվածքն առաջացել է գնդակոծության ընթացքում։ Հայտնեց նաև, որ վերնաշապիկը լվացել է, որի արդյունքում արյան հետքերը մաքրվել են, սակայն առկա են գործվածքային վնասվածքներ, որոնք համապատասխանում են բաճկոնի վրա առկա գործվածքային վնասվածքներին։ Անդրավարտիկի վրա նույնպես առկա էին արյան հետքեր։

Հաջորդ արձանագրության համար հիմք է հադիսացել 1993 թվականի մարտի սկզբներին Վանո Սիրադեղյանի հանձնարարականով Արմեն Տեր-Սահակյանն ու նրա ղեկավարած բանդայի սպանություն իրագործելու առաջադրանքը կատարելուն ուղղված մի շարք կազմակերպական միջոցառումներ, այդ թվում ավազակային հարձակումների կատարմամբ ավտոմեքենաների հափշտակում՝ դրանք որպես սպանության միջոց օգտագործելու համար։

Ներկայացվեց նաև արձանագրություն ֆոտոնկարով անձին ճանաչելու մասին, 1994-ի հունիսի 3-ին կամ 8-ին։  Մակար Մարտիրոսյանը զննելով ներկայացված 4 լուսանկարները հայտարարել է, որ համար 3 լուսանկարի վրա պատկերված երիտասարդին Ալբերտի և Վազգենի հետ միասին տեսել է 1994 թվականի մայիսի 25-ին Երևանի հաշվառման և քննական բաժնի բակում։ Մակարը Վազգենի առաջարկությամբ զննել է Ալբերտի ավտոմեքենան։ Նշել է, որ երիտասարդի անունը չգիտի, բայց տեսնելիս անմիջապես ճանաչել է։ Մյուսներին, ասել է՝ չի ճանաչում։ Ալբերտ Քոթանջյանը, նշել է, որ ձախից առաջին նկարի վրա պատկերված է այն երիտասարդը, որին 1994 թվականի մայիսի 27-ին տեսել է հեծանվահրապարակում։ 

«Սկզբում ինձ մոտեցան նրա 2 ընկերները, ետևից ինքը կաղալով մոտեցավ ինձ և իր բարձրահասակ ընկերոջ հետ նստեց իմ մեքենան փորձարկելու նպատակով։ Նրանց 2-րդ ընկերը, որը մոտեցել էր բարձրահասակ ընկերոջ հետ, ավտոմեքենան չնստեց։ Պատկերվածը կաղացող տղան է»։

Ըստ տեղեկանքի Ալբերտ Քոթանջյանը ճանաչել է Սուրեն Հարությունյանին։

Մեկ այլ արձանագրությամբ ճանաչման են ներկայացվել 4 լուսանկարներ, որի արդյունքում Ալբերտ Քոթանջյանը հայտարարել է, որ ձախից 2-րդ լուսանկարի մեջ պատկերված անձին տեսել է մայիսի 24-ին և 25-ին Քանաքեռում։

«Նա գալիս էր իմ վաճառած մեքենայի վաճառքը ձևակերպելու համար։ Եթե չեմ սխալվում մայիսի 23-ին էլ իր բարձրահասակ ընկերոջ հետ մոտեցավ ինձ, սակայն երբ մենք բարձրահասակի հետ նստեցինք իմ մեքենան նա մոտեցավ ավտոխանութի աշխատակից Արսենին և զրուցեց նրա հետ»։ Ըստ տեղեկանքի Քոթանջյանը ճանաչել է Արշակ Արշիխիճուխկյանին։

Ներկայացված հաջորդ արձանագրության մեջ նշված էր, որ Արշակ Քոթանջյանը իրեն ներկայացված 3 անձանց լուսանկարներից ձախից 2-րդ լուսանկարում ճանաչել է մայիսի 23-ին հեծանվահրապարակում իրեն մոտեցած բարձրահասակ երիտասարդին, ով նստել է իր կողքին և մեքենան փորձարկելուց հետո վճարել է 1600 դոլար։

Ըստ տեղեկանքի Քոթանջյանը ճանաչել է Իսրայել Սարգսյանին։

Վերջին արձանագրության մեջ վկա Գևորգ Մեջլումյանին ճանաչման են ներկայացվել 3 լուսանկարներ։ Մեջլումյանը ճանաչել է 2-րդ նկարում պատկերված երիտասարդին, ով «Վետերոկում» բարձրահասակ ընկերոջ հետ, ում ոտքը վնասված էր, մոտեցել է իրեն և Ալբերտ Քոթանջյանին ավտոմեքենա գնելու հարցով և մեքենան փորձարկելուց հետո հայտնել է, որ ցանկանում է գնել։

Գևորգ Մեջլումյանը իրեն ներկայացված հաջորդ 3 նկարներից ճանաչել է 2-րդ լուսանակում պատկերված երիտասարդին, ով ցանկանում էր գնել Ա․ Քոթանջյանի ավտոմեքենան և  ում մայիսի 23-ին տեսել է իր բարձրահասակ ընկերոջ հետ, ում ոտքը վնասված էր և նա հայտնել է, որ ոտքը գիպսապատ է, վնասել է ավտովթարի հետևանքով։

Ըստ տեղեկանքի վկա Գևորգ Մեջլումյանը 1-ին արձանագրության ընթացքում ճանաչել է Իսրայել Սարգսյանին, իսկ 2-րդ արձանագրության ընթացքում Սուրեն Հարությունյանին։

Գրավոր ապացույցների քննության փուլը չավարտվեց։ Այ կշարունակվի այս գործով հաջորդ դատական նիստի ընթացքում 2025 թվականի հունվարի 21-ին ժամը 10։00։

Լիլիթ Խաչատրյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել