«Սա մեզ չի ներվի Աստծու կողմից»․ Տեր Թովման՝ ժամանակակից Հայաստանում եկեղեցու դերի մասին

«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net«Հայ Առաքելական Եկեղեցու դերը, մարտահրավերները և հեռանկարները ժամանակակից Հայաստանում» թեմայով զրուցել է Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանի հետ։

-Ինչպե՞ս կբնութագրեք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը ժամանակակից Հայաստանում և նրա ազդեցությունը հայ ժողովրդի առօրյա կյանքի վրա:

-Հայ Առաքելական եկեղեցին գործուն պայքար է մղում մեր ժողովրդի մեջ բարոյական, հոգևոր ավանդույթները պահպանելու համար։ Կրթության այն ձևը, որն ավանդաբար մեզ փոխանցվել է, որը և կրթում, դարձնում է հայ մարդ, այդ ամեն ինչը պահպանելու համար։ Վերջին հինգ տարիների ընթացքում եկեղեցու պայքարն ավելի ակտիվ դարձավ, որովհետև այնպիսի մարտահրավերներ մեջտեղ եկան, որ եկեղեցին պարզապես չէր կարող լռեր և մի կողմ քաշվել, իսկ եկեղեցու համար ամենակարևոր բանը մարդու հոգու հոգու փրկությունն է։ Ըստ էության՝ եկեղեցին կոչված է դրա համար, հոգու փրկության համար, երկնային արքայություն քարոզելու համար, հոգին, եթե շեղվեց ճիշտ զարգացումից բնականաբար չի մտնի երկնային արքայություն և բնականաբար եկեղեցին դրա դեմ պայքարում է։ Հայ Առաքելական եկեղեցին այս վերջին տարիներին ակտիվացել է, ակտիվացրել է իր գործունեությունը և մենք հիմա ուշի ուշով հետևում ենք բոլոր այն գործընթացներին, որոնք մեր աշխարհում տեղի են ունենում։

-Խոսեցիք հայրենիքի փրկության պայքարի մասին։ Եկեղեցին այս պայքարում ի՞նչ մեխանիզմներ ունի։

-Դե միայն այն, որ եկեղեցին դրա մասին բարձրաձայնում է, դա արդեն կարևոր է։ Մենք քարոզում ենք, որ հայրենիքը դա պարզապես հող չէ, որը մենք պաշտպանում ենք, հայրենիքը դա սրբավայր է, այստեղ եղել է ադամական դրախտը։ Մենք ունենք «Գառան աթոռը»՝ Էջմիածինը, դա սովորական տեղ չէ, ոչ մի տեղ աշխարհում չկա «Էջմիածին» անունով եկեղեցի, վայր, որտեղ իջել է Միածինը։ Չպայքարել հայրենիքի համար, նշանակում է՝ չպայքարել սրբավայրի համար և սա մեզ չի ներվի Աստծու կողմից։ Մեր տարածքը ինքնին եկեղեցի է, մեր տարածքը Աստծո տունն է և այն լքել, դրա մասին չհոգալ և չպաշտպանել, դա արդեն մեղք է Աստծո առաջ և սրա համար մենք բոլորս պատասխան ենք տալու։ Մենք պետք է ապրենք մեր հայրենիքում, պետք է պաշտպանենք մեր հայրենիքը և ապրենք այդ հայրենիքում։ Մենք պետք է կրթենք մեր երեխաներին, այնպես, ինչպես դարերի ընթացքում կրթել են մեր ուսուցիչները։

-Ի վերջո ո՞ւմ կամ ինչի՞ շուրջ պետք է միաբանվի հայ ժողովուրդը։

-Հայ ժողովուրդը պետք է միաբանվի հայրենիքի պաշտպանության համար։ Հայ ժողովուրդը պետք է միաբանվի եկեղեցին պաշտպանելու համար։ 

-Եկեղեցին պաշտպանության կարիք ունի՞ այսօր։

-Անպայման, իհարկե պաշտպանության կարիք ունի։ Հերոսները, նահատակները շրջանցում են դժոխքը։ Սա եկեղեցու հայրերի խոսքն է։ Նահատակները շրջանցում են այն դատը, որը սպասվում է մահվանից հետո։ Մարդը պետք է դադարի մահվան մասին մտածել։ Հայ մարդը պետք է դադարի ուտել, խմել, վայելքների մասին, բայց մենք հիմա միայն դրանով ենք ապրում։ Ահավոր պատկեր է, ահավոր։ Պետք է այս ժողովուրդն իր չափանիշները նորից հիշի։ Պատմիչներին չեն կարդում, պետք է կարդան, տեսնեն՝ ինչն էր այն ժամանակ կարևոր մարդու համար։

-Ձեր կարծիքով՝ ներկայումս հայ ժողովուրդն ավելի շատ աստվածփնտրության, աստվածճանաչողության, թե՞ Աստծուց հեռանալու ճանապարհին է: Ինչպե՞ս է փոխվել ժամանակակից հայի հոգևոր կյանքը:

-Աստծուց ողջ մարդկությունն է հեռանում։ Մենք ապրում են դատաստանի ժամանակներում, իսկ ինչպես Քրիստոսն է ասում՝ երբ Աստծու որդին վերադառնա, մի՞թե հավատքը կլինի այս աշխարհում։ Քրիստոնյաները տարեց տարի պակասում են, որովհետև տեխնոլոգիաները զարգանում են, գիտությունն այնպիսի հնարավորություններ է տալիս մարդուն այս աշխարհում ապրելու, որ Աստծու կարիքը մարդը տարեց տարի ավելի քիչ է ունենում։ Աստծո կարիք ունենում են նրանք, Աստված փնտրում են նրանք, ովքեր գալիս են պատարագի։

-Որքանո՞վ է Հայ Եկեղեցին գրավիչ երիտասարդների համար, և ի՞նչ ծրագրեր է իրականացնում նրանց ներգրավելու համար:

-Դե, եթե ժողովուրդը պակասում է, կամաց-կամաց երիտասարդներն էլ են պակասում։ Իրենք ուրիշ կարևոր բաներով են զբաղված։ Ինչպես անել՝ կրթություն ձեռք բերել, ինչպես անել՝ այս աշխարհում տեղ ունենալ։ Եվ, բնականաբար, օգտվել այս աշխաչհի տարբեր վայելքներից։ Ունենք երիտասարդաց միություններ, ես մեր եկեղեցու երիտասարդաց միության պատասխանատուն եմ։ Մենք, օրինակ, ուխտագնացություններ ենք կազմակերպում, տարբեր միւոցառումներ, վերականգնել ենք ինտելեկտուալ խաղերը։ Գրադարանն իրենց համար է ստեղծվել, ես ստիպում եմ, որ իրենք կարդան։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել