67 օր ծովում մոլորված՝ հարազատների մարմինների հետ․ ՌԴ-ում օգոստոսից նավով անհետացած անձանցից միայն մեկն է ողջ մնացել

67 օր Օխոտսկի ծովում մոլորված զբոսաշրջիկն արդեն հաշտվել էր մահվան մտքին. Միխայիլ Պիչուգինը երկար ժամանակ ստիպված է եղել մնալ իր մահացած եղբոր և եղբորորդու հետ։

Ավելի վաղ Հեռավոր Արևելքի տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 9-ին երկու տղամարդ և նրանցից մեկի 15-ամյա որդին նավով մեկնել են Օխոտսկի ծով․ «Շուտով նրանց հետ կապը կորել է։ Նրանց որոնել են ուղղաթիռներով, սակայն ապարդյուն։ Միայն երկուշաբթի օրը նավը հայտնաբերել են ձկնորսները՝ Կամչատկայի ափերի մոտ։ Երեքից ողջ է մնացել միայն 46-ամյա Միխայիլ Պիչուգինը»։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»։

Բժիշկների և տեղացի ձկնորսների խոսքերով, տղամարդը կարող էր գոյատևել լողացող նավակի վրա ոչ ավելի, քան մեկ շաբաթ, եթե օգնությունը չհասներ: Ինքը՝ Պիչուգինը, ասում է, որ փրկվել է միայն «Աստծո օգնությամբ»՝ հանուն իր դստեր։ Նա ընդհանուր հյուծվածության պատճառով արդեն անշարժացել էր, եղանակը գնալով վատանում էր։ Հիպոթերմիայից նրան փրկել է ուղտի մազից պատրաստված քնապարկը․ «Փչովի նավակի վրա ոտքերս փոթորիկների ժամանակ շատ թրջվեցին»։

15-ամյա Իլյան՝ ողջ մնացածի եղբորորդին առաջինն էր, ով չդիմացավ նման ծայրահեղ պայմաններին։ Նա դադարել էր ուտել ու խմել, և շուտով մահացավ։

Ավելի ուշ, սեպտեմբերի վերջին, Միխայիլի եղբայր Սերգեյը մահացավ հիպոթերմիայից: Նա ցանկացել է լվացվել ծովի ջրով, բայց պատահաբար ծովն է ընկել։ Թրջված տղամարդն այլևս չի կարողացել տաքանալ և մահացել է քնած ժամանակ։ Ինչպես SHOT-ին պատմել են բժիշկները, Միխայիլը փրկվել է՝ անցնելով, այսպես կոչված, էնդոգեն սնուցման ռեժիմին, երբ օրգանիզմը սկսում է ինքն իրեն մարսել և սպառել իր մկանային հյուսվածքն ու ճարպերը։ Տղամարդը ճամփորդության սկզբում կշռել է 100 կգ և կորցրել քաշի կեսը։

Փրկվածը մոտ 20 օր լողացել է իր հարազատների մարմինների հետ, այդ իսկ պատճառով նրա հետ այժմ աշխատում են նաև հոգեբանները։ Պիչուգինը հիվանդանոցում կանցկացնի առնվազն մեկ շաբաթ։ Հիպոթերմիայի ֆոնին նրա մոտ կարող են զարգանալ լուրջ բարդություններ։ Նաև այսքան օրերի քաղցից հետո նորմալ սննդակարգին վերադառնալու ժամանակահատվածը կարող է տևել մինչև մեկ ամիս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել