Աշտարակ քաղաքի կենտրոնում տեղադրված «Խաղաղության ծառ» քանդակը քաղաքային իշխանության որոշմամբ կհանվի և այլ վայր կտեղափոխվի։ Քանդակը Աշտարակ քաղաքին է նվիրել Իտալացի հայտնի քանդակագործ Մասսիմո Լիպպին, ում աշխատանքները տեղադրված են եղել նաև օկուպացված Շուշիում, Ստեփանակերտում։
Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետեիսից Iravaban.net–ը փորձեց ճշտել, թե նման որոշման պատճառը որն է։
«Ինձ զանգահարեց Աշտարակի քաղաքապետն ասելով՝ մենք որոշել ենք էդ քանդակը հեռացնենք Աշտարակի հրապարակից և տանենք «սադում» դնենք, քանդակն էլ անվանեց՝ երկաթի կտոր։ Այդ երկաթն այսօր աշխարհի ամենահայտնի քանդակագործի աշխատանքն է, որը իմ օգնությամբ 2014 թվականին տեղադրվեց Աշտարակում։ Մասսիմո Լիպպին իտալացի հայտնի քանդակագործ-նկարիչ է՝ Սիենա քաղաքից։ Պրոֆեսոր է, դասավանդում է տարբեր ակադեմիաներում, նաև լրագրող է։ Նա 2011 թվականին Շուշիում շատ քանդակներ է թողել։ Քառօրյա պատերազմի ժամանակ ինքն ինձ հետ եկավ և Ստեփանակերտում կերտեց մի քանդակ, որպեսզի խաղաղություն լինի։ Եվ ինձ ասաց՝ Վիգեն, ձեզ համար ամենակրևոր բանը խաղաղությունն է, ինքը հասկանում էր, որ պետք է պատերազմ լինի Արցախում և հատուկ այդ նպատակով կերտեց «Խաղաղության ծառ» քանդակը, որը նվիրեց Աշտարակ քաղաքին։ Ինքը շատ սիրեց Աշտարակը և այդ նվերն արեց»,-ասաց մեր զրուցակիցը։
2014 թվականին Վիգեն Ավետիսն ինքն է քանդակի տեղադրման մասին հարցը ներկայացրել քաղաքապետարանում և Քաղաքաշինության կոմիտեում, քանդակի տեղադրումը հաստատվել է։ 2014 թվականին մեծ շուքով տեղադրվել է այդ քանդակը․ «Աշատարկը Հայաստանում առաջին քաղաքն է, որն իր հրապարակում ունի ժամանակակից քանդակագործի աշխատանք»։
Վիգեն Ավետիսն ասաց, որ Մասսիմո Լիպպին այն նվիրյալ իտալացին է, որը մինչև այսօր տարբեր մակարդակներում պայքարում է Հայաստանի և Արցախի համար։
«Ինքը մեծ գործեր է արել և անում է մեր ժողովրդի, մեր երկրի և մեր արվեստի համար։ Ինչքանո՞վ է ճիշտ, որ իր նվերը հանեն, շպրտեն»,-ասաց մեր զրուցակիցը։
Հարցին, թե ի՞նչ պատճառաբանությամբ են ցանկանում հանել քանդակը, մեր զրուցակիցն ասաց՝ որովհետև քաղաքապետի ճաշակով չէ․ «Որովհետև ասում են՝ աշտարակցիները չեն հավանում այս քանդակը, որովհետև արվեստի գործին իրենք ասում են՝ երկաթի կտոր»։
Նշենք, որ թեմայի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Աշտարակի քաղաքապետարանից, սակայն մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան։