Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը եղել և մնում է ապակառուցողական․ Ալիև

Ալիևը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է չեզոքություն պահպանի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում։

«Հողերի «օկուպացիայի» (չակերտները՝ Iravaban.net-ի) ժամանակ ԵՄ-ն ակտիվ չէր այս հարցում՝ պատճառաբանելով, որ դրանով զբաղվում է այժմ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, և որ Եվրամիությունն ուղղակիորեն առնչություն չունի այս գործընթացի հետ։ Այժմ, սակայն, Եվրամիությունն ակտիվորեն ներգրավված է քննարկման մեջ, բայց, ցավոք, Բրյուսելի որոշ ներկայացուցիչներ կողմնակալ մոտեցում են ցուցաբերում։ Սա անարդյունավետ դիրքորոշում է, որը անվստահություն է ծնում և հեռացնում ԵՄ-ին կարգավորման գործընթացից»,-ասել է նա։

Նա նշել է նաև, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցությունը շարունակելու համար կարևոր է խուսափել Ֆրանսիայի ուղուց և չընկնել նրա ազդեցության տակ։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը եղել և մնում է ապակառուցողական։

Ընդգծել է, որ Ադրբեջանի և Եվրամիության հարաբերություններում անվստահություն առաջացնող գործոններից մեկը սահմանին «եվրոպական դիտորդական առաքելության» մանդատի երկարաձգումն է՝ առանց Ադրբեջանի հետ համաձայնության կամ խորհրդակցության։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Ադրբեջանը համաձայնել է երկամսյա ժամկետով առաքելության ժամանակավոր ներկայությանը, որը բաղկացած է սահմանափակ թվով պաշտոնաթող սպաներից։ Սակայն, երբ առաքելությունը երկարաձգվեց, Ադրբեջանին չծանուցեցին կամ խորհրդակցեցին: Ներկայումս բանակցություններ են տարվում առաքելությունը լրացուցիչ ժամկետով երկարաձգելու շուրջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել