ՄԻՊ-ը շատ արժանապատիվ ասաց այն, ինչ պետք է ասեր. Հայկ Ալումյան

«Խորհրդային ժամանակներից եկած մի հին անեկտոդ կա. մեկն ասում է, որ Բրեժնևը դեբիլացել է, նրան ենթարկում են քրեական պատասխանատվության՝ պետական գաղտնիքի հրապարակման համար»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում, խոսելով ՄԻՊ-ի արտահերթ զեկույցի մասին, ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝  ՄԻՊ-ի հրապարակած զեկույցն արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ համապատասխանում է իրականությանը. «Զեկույցում առկա խնդիրների մասին փաստաբաններն ասում էին դեռևս 6 ամիս առաջ, երբ մենք գործադուլ էինք իրականացնում: Այդ ժամանակ մենք հենց նույն արատների մասին էինք բարձրաձայնում: Այսինքն՝ դեռևս այն ժամանակ գործադուլին մասնակցած փաստաբանները համակարծիք էին զեկույցում բարձրացված գնահատակներին»:

Այն հարցին, թե ինչո՞ւ է ՄԻՊ-ն այս պահին լռում է, Հայկ Ալումյանը պատասխանեց, որ այս պահին նրա լռելու ժամանակն է, քանի որ շատ արժանապատիվ ասաց այն, ինչ պետք է ասեր:

Նրա կարծիքով՝ իշխանությունները լավ չեն պատկերացնում ՄԻՊ-ի նշանակությունը.

«Իշխանություններն  ընտրում են Մարդու իրավունքների պաշտպան, ում կարծիքը մարդու իրավունքների վիճակի մասին առավել հեղինակավոր է: Այդ մարդուն ընտրում են, որպեսզի հետագայում հենց նրա կարծիքի հիման վրա էլ իրենք եզրակացնեն, թե ինչպիսի՞ն է երկրում մարդու իրավունքների վիճակը: ՄԻՊ-ի խնդիրը չէ քրեական գործ հարուցելը, այլ՝ կարծիք հայտնելը: Եղած փաստերի հիման վրա ՄԻՊ-ը հանգել է նման կարծիքի, որն էլ հրապարակել է: Հասարակությունը համակարծիք է ՄԻՊ-ի հետ, իսկ իշխանությունները ասվածը դնում են կասկածի տակ, ավելին ասում են՝ ապացուցի՛»:

Մեր զրուցակիցը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՄԻՊ-ի պարտականությունը ասվածն ապացուցելը չէ, քանի որ այն ինքնին ապացույց է:

«Նույնն է, որ դատարանում անփորձ փաստաբանն ականատես վկային ասի դե ապացուցի, որ այդ հանցագործությունը կատարվել է, բայց չէ՞ որ վկան արժեքավոր է հենց նրանով, որ դա գիտի և ներկայացնում է, հիմա որոշ իշխանական մարմիններ հայտնվել են անփորձ փաստաբանի կարգավիճակում և ասում են, դե՛ ապացուցի»,- եզրափակելով խոսքը՝ ասաց փաստաբանը:

Արև Ավագյան

Իրավաբան.net


Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել