Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր` օգոստոսի 22-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։
Ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015 թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերի սկզբներին, քննությամբ չպարզված օրը, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանին համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, ապա այդ արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքը օրինականացրել է:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին հարցաքննվեցին վկաներ Հովհաննես Մարգարյանը, Մանուկ Մանուկյանը, Ալբերտ Շահբազարյանը։
Առաջինը հարցաքննվեց վկա Ալբերտ Շահբազյանը։
Նա հայտնեց, որ 2008-2013 թվականներին աշխատել է «Երևան» հեռուստաընկերությունում՝ որպես գլխավոր տնօրեն։ Բացի սեփականատեր Վարշամ Ղարիբյանից, առնչություն չի ունեցել մյուսների հետ։
Հանրային մեղադրող, դատախազ Կորյուն Սերոբյանի հարցին, թե Վարշամ Ղարիբյանի կամ նրա եղբոր հետ վատ հարաբերություններ ունեցե՞լ են, թե ոչ, վկան ասաց, որ այդ ընթացքում վատ հարաբերություններ չեն եղել, հետագայում երկու եղբայրների միջև է լարվածություն առաջացել։
– Ասացիք, որ 2008-2013 թվականներին «Երևան» հեռուստաընկերության տնօրենն եք հանդիսացել, Ձեզ հեռուստաընկերության տնօրեն ո՞վ է նշանակել։
– Վարշամ Ղարիբյանը։
– Այդ ժամանակ ընկերության սեփականատերն ո՞վ էր։
– Ինքն էր։
– Այլ բաժնետերեր ընկերությունում կայի՞ն։
– Ո՛չ։
– Աղվան Հովսեփյանի որդնիներին ճանաչո՞ւմ եք։
– Դե, լսել եմ, եղբորն եմ ճանաչել, կնոջը, առնչություն չեմ ունեցել ոչ մեկի հետ, բացի այն հարցերից, երբ պարոն դատախազն այն ժամանակ կազմակերպում էր հասարակական միջոցառումներ, որոնք կարևոր էին այդ ընթացքում՝ տառերի պուրակը, խաչը, ծառատունկը․ առնչությունս եղել է այդ ժամանակահատվածում։
– 2013 թվականին ընկերությունը որևէ մեկին օտարվե՞լ էր։
– 2013 թվականին եղբայրս մահացավ Ռուսաստանում, մեկնել էի այնտեղ, այդ ընթացքում վաճառվել էր մինչև իմ վերադարձը, կարծեմ հունիս ամիսն էր, եթե չեմ սխալվում վաճառվել էր գործարար Արթուր Բաղդասարյանին։
Հարցին, թե հեռուստաընկերությունը լիցենզիա ունեցե՞լ է, ասաց այո, 2 անգամ է լիցենզիա տրվել։
Դատախազի մյուս հարցին, թե վկան տեղեկություններ ունե՞ր արդյոք, որ 50 % բաժնեմասը Աղվան Հովսեփյանի որդուն է փոխանցվել, վկան ասաց, որ նման տեղեկություն չի ունեցել, Վարշամ Ղարիբյանն իրեն նման բան չի ասել։
Պատասխանելով Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի հարցին՝ վկան ասաց, որ բացի հեռուստաընկերությունից աշխատել է նաև Ղարիբյան եղբայրների ընկերությունում։ 1999 թվականից եղել է ընկերության տնօրենը։ Նա հայտնեց, որ երկու եղբայրների ընդհարումից հետո այժմ որևէ շփման մեջ չի գտնվում նրանց հետո։
Պաշտպանի այն հարցին, թե Վարշամ Ղարիբյանը հաճա՞խ է այցելել հեռուստաընկերություն, վկան պատասխանեց՝ ոչ հաճախ, հնարավոր է, որ մի առիթ լիներ, դրա համար գար-գնար․ «Երևի ամիսը 1, 2 ամիսը մեկ․ ամսվա ընթացքում մի անգամ կարող է երևար կամ չերևար»։
Հաջորդ հարցին, թե Արմեն Հովսեփյանը երբևէ հեռուստաընկերություն այցելե՞լ է և տեսե՞լ է նրան, վկան պատասխանեց՝ հնարավոր է, չի տեսել, սակայն չի էլ պնդում, որ չի եկել։
– Ունե՞ք ստույգ տեղեկատվություն՝ Արմեն Հովսեփյանը լիցենզիայի ձեռքբերման հարցում ինչ-որ քայլեր արե՞լ է, թե՞ ոչ։
– Ո՛չ։
– Իսկ բացառո՞ւմ եք, որ Արմեն Հովսեփյանը ինչ-որ ներդրում ունեցած լինի։
– Չեմ բացառում, որովհետև տեղյակ չեմ։
– Արմեն Հովսեփյանի մասին ի՞նչ կարող եք ասել, նա ինչո՞վ է զբաղվել։
– Նորմալ տղայա, նորմալ երիտասարդ էր, աշխատասեր, ես ինչքան գիտեմ՝ երեք որդիներն էլ շատ կուլտուրական, զարգացած երեխաներ են։ Ես չեմ կարող բացասական բան ասել։
Աղվան Հովսեփյանի մյուս պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին, թե հնարավո՞ր է, որ Արմեն Հովսեփյանը գովազդային ընկերություն ունենար, գովազդային հարցերով զբաղվեր, վկան ասաց՝ հատուկ ոչ մի շեշտադրում այդ ուղղությամբ չի եղել։ Նրա խոսքով՝ Վարշամ Ղարիբյանը հույսը դրել էր կնոջ, մի քիչ էլ իր վրա, ճիշտ է, ինքն էլ որոշ թերություններ այդ առումով, քանի որ հեռուստաընկերությունն իր ասպարեզը չէր, իր ոլորտը չէր։
Հաջորդիվ հարցաքննվեց Հովհաննես Մարգարյանը։ Նա հայտնեց, որ եղել է «Օրենաց երկիր» կուսակցության անդամ, որի ղեկավարն այդ ժամանակ Արթուր Բաղդասարյանն էր։ Նշեց, որ հեռուստաընկերության առքուվաճառքի ժամանակ ներկա է եղել։
Հանրային մեղադրողի հարցին, թե տեղյա՞կ է ընկերության ձեռք բերման մասին, վկան ասաց՝ իրեն որևէ բան հայտնի չէ, միայն գումարը հանձնելուն մասնակցել։
– Իսկ ո՞վ առաջարկեց, որ մասնակցեք էդ գործարքին։
– Դե, Հեղինե Բիշարյանը Կարեն Սարգսյանի մայրն էր, իմ լավ գործընկերուհին էր, ղեկավարն էր, և ես որպես պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, օրենքներին լավ տիրապետող, տարիքս էլ ներում էր, որպեսզի այդ խոշոր գումարը տալու պրոցեսին մասնակից լինեի, արձանագրեի, որ գումարը հանձնել են։
– Ամեն դեպքում, սա Արթուր Բաղդասարյանի կողմի՞ց էր ձեռք բերվում էս հեռուստաընկերությունը, թե՞ այլ անձի։
– Ես արդեն իսկ ասացի, ինձ հայտնի է մի բան, որ Կարեն Սարգսյանն էր ղեկավարում Ձեր նշած կազմակերպությունը։
– Այդ գործարքի ժամանակ ինչ-որ փաստաթուղթ կազմվե՞ց, հիշո՞ւմ եք։
– Որևէ փաստաթուղթ չի կազմվել, կազմվել է ընդամենը գումարի փոխանցման ստացականը, դրանից հետո պայամանավորվեց, որ նոտարով այդ նույն գումարը նշվի առքուվաճառքի մեջ։
Նա նշեց, որ մի անգամ է շփվել Աղվան Հովսեփյանի որդու՝ Արմեն Հովսեփյանի հետ, նոտարում այդ գործարքը կատարելու ժամանակ։
Հաջորդիվ հարցաքննվեց վկա Մանուկ Մանուկյանը։
Վկան այս գործի շրջանակներում իրեն հայտնի տեղեկությունների մասին նշեց հետևյալը․ «Մեր նախկին գյուղապետը ասաց, որ քննիչ է եկել համայնք, կուզենա, որ ես գնամ, ներկայացնեմ, որ այն տարածքը, որտեղ իմ լսելով պարոն Հովսեփյանը հող է ձեռք բերել, ժամանակին մենք անասուններ ենք պահել կամ իջել ենք փոքր ժամանակ էդ ձորում լողացել, բարձրացել ենք։ Ես էլ ասել եմ, որ փոքր ժամանակ անասուն ենք պահել, իջել ենք գետը, լողացել ենք և այլն, այդքանը, ուրիշ ոչ մի բանի չեմ տիրապետում ես»։
Նա հայտնեց, որ Բյուրականում անասնապահությամբ է զբաղվում, տեղյակ է, որ Անտառուտ համայնքի տարածքում Աղվան Հովսեփյանն ունեցել է ամառանոց կամ առանձնատուն, անցել է այնտեղով, Աղվան Հովսեփյանին առանձնատան բակում մի քանի անգամ տեսել է։
Նա նշեց նաև, որ երբևիցե առիթ չի եղել Հովսեփյանի հետ շփվելու։
Հանրային մեղադրողի հարցին, թե նախկինում այդ առանձնատան տեղում ինչ շինություն է եղել, վկան ասաց՝ իր ունեցած տեղեկություններով Նկարիչների միության պանսիոնատ է եղել՝ բարձիթողի, քանդված, ավերակ վիճակում։ Նա ասաց, որ այնտեղ տեղի ունեցող շինարարությանը գյուղացիներից էլ են մասնակցել, բայց չի հիշում, թե կոնկրետ ովքեր են եղել․ «Ասում էին՝ Աղվան Հովսեփյանի տարածքում են աշխատում»։
– Իսկ բացի այդ առանձնատնից, Աղվան Հովսեփյանը այլ հողատարածքներ ունե՞ր Բյուրական համայնքում։
– Տեղյակ չեմ, լսել եմ այսինքն, որ էդ առանձնատան կից ձորը վերցրել է, գնել է։
– Ե՞րբ եք լսել։
– Չեմ կարող կոնկրետ թվականն ասել։
– Էս տարի, անցած տարի, 10 տարի առաջ։
– Մի 10 տարի առաջ երևի։ Չի հետաքրքրել, ուղղակի լսել եմ, ինչքանով է համապատասխանում իրականությանը, չեմ կարող ասել։
– Իսկ էդ ձորի տարածքում, որ խոսակցություններ կային, որ վերցրել է, ինչ-որ բան նախատեսվո՞ւմ էր, որ էդտեղ կառուցվեր։
– Լսել էի, որ պարոն Հովսեփյանը ինչ-որ արգելոց պետք է կառուցի, կենդանիներ բերի։
Վկա Մանուկ Մանուկյանի կողմից դատարանում և նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների միջև առկա հակասությունների պայմաններում դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական մարմնում տրված ցուցմունքը։
Մասնավորապես, նա քննիչի մոտ հարցաքննվելիս ասել է․ «Տեղյակ եմ, լսել եմ, որ գյուղում գտնվող հողատարածքները գնել է Աղվան Հովսեփյանը, նա մի ժամանակ ցանկանում էր այդ տարածքում կառուցել փոքր հէկ, սակայն համայնքի բնակիչները բողոքեցին, և նա չիրականացրեց այդ փոքր հէկի շինարարությունը։ Մինչ Աղվան Հովսեփյանի կողմից այդ հողատարածքների ձեռք բերելը, դրանք ծառայել են որպես արոտավայրեր, գյուղացիները անասուններին տանում էին այդ հողատարածքներ, զարգանում էր անասնապահությունը, գյուղացիները ստանում էին եկամուտներ, իսկ Աղվան Հովսեփյանի կողմից տարածքն օտարելուց հետո գյուղացիներն այլևս այդ տարածքներում անասուններ չէին արածեցնում, տարածքում առկա է նաև գետ, որը հարմար էր անասուններին արածեցնելու համար»։
Վկան իր տված ցուցմունքի մասին հայտնեց, որ երբևիցե չի լսել, որ Հովսեփյանն արգելի այդ տարածքում անասուն պահել, կան դրվագներ, որոնք չի հիշում։
Աղվան Հոսվեփյանը վկային ցուցմունքի վերաբերյալ հարցրեց․
– Ես փորձեցի կարդալ, չկարողացա, Դուք գրել եք, որ կարդացի, կարդացե՞լ եք։
– Ընդհանուր զրույցի ընթացքում դեմ-դիմաց նստած ենք եղել, գրել ա։
Վկան ցուցմունքի գրավոր հատվածից մի քանի հատվածներ կարդաց, հակասությունների վերաբերյալ նշեց, թե քանի որ շահագրգիռ անձ չի եղել, իր համար էական չի եղել այնտեղ գրվածը, քննիչը գրել է, իսկ ինքն այդքան էլ նշանակություն չի տվել գրածին։
Մեղադրյալ Աղվան Հովսեփյանը վկայի հարցաքննությունից հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ սա առաջին անգամը չէ, երբ քննիչը սխալ արձանագրություններ է ներկայացրել։
«Իմ հարցին վկան պատասխանեց, որ էնտեղ քարերն ավելի շատ են, քան հողածածկույթը, որտեղ կարող է կանաչ աճել, և բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում այդ տարածքը։
Ակնհայտորեն սխալ ա էդ արձանագրումը, քանի որ նման բան չկա, եթե սպիտակ ա, գրում ես սև, ուրեմն ակնհայտ ա, որ էդ սևը սխալ ա գրած, էս մարդը չէր կարող նման բաներ ցուցմունքում ասել»,-ասաց Աղվան Հովսեփյանը։
Վկաների հարցաքննություններն ավարտվեցին։
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին։
Մանրամասները՝ տեսանյութերում։
Մարիամ Շահնազարյան