Ահազանգ է ստացվել, որ դաստիարակը երեխային կանգնեցրել է անկյուն, որից հետո «սկոչել» է բերանը, որի արդյունքում նա ուշագնաց է եղել․ գործը դատարանում է

2023 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 18:55-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի նախակրթարանի դաստիարակը երեխային կանգնեցրել է անկյուն, որից հետո «սկոչել» է երեխայի բերանը, որի արդյունքում երեխան ուշագնաց է եղել և հայտնվել հիվանդանոցում:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ստուգողական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 03.05.2023թ. ժամը՝ 11:00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի գործող նախակրթարանում նույն նախակրթարանի դաստիարակ Ն․ Ի․-ին դասի ժամանակ անկարգություն կատարելու համար անկյուն է կանգնեցրել նախակրթարանի սաներից մեկին, այնուհետև կպչուն ժապավենով փակել է որպեսզի չխոսի:

Գործը դատարան է ստացվել ապրիլի 1-ին և մակագրվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին։

Ն․ Ի․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է  անչափահասի նկատմամբ) հատկանիշներով։

Խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել