Գծատերը երթուղայինի վարորդին կվճարի՞ 1 միլիոն 300 հազար դրամը. պայքարը թեժանում է

Վճռաբեկ դատարանն այսօր ամբողջությամբ բեկանել է վարորդ Հայկ Գասպարյանին որպես չվճարված աշխատավարձ 1 միլիոն 300 հազար դրամ վճարելու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել է նույն դատարան նոր քննության:

«Մենք ուղղակի պետք է հետևողական լինենք, որ առաջին ատյանի դատարանում քննությունն ամբողջությամբ օրինական ընթանա, որ պատասխանողի կողմից ներկայացվող փաստաթղթերի պատճեներն իրականում բնօրինակները ներկայացվեն»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Հայկ Գասպարյանի փաստաբան Արևհատ Սիմոնյանը` նշելով, որ Վճռաբեկ դատարանի որոշումն ի վնաս իրենց չի եղել և պատրաստ են պայքարել մինչև վերջ:

Վարորդ Հայկ Գասպարյանն Իրավաբան.net-ին փոխանցնեց, որ պատասխանողի ներկայացուցիչը Վճռաբեկ դատարանում հայտնել է, թե վարորդներն իրականում լավ պայմաններում են աշխատում ընկերությունում, սակայն դա իրականությանը չի համապատասխանում:

Իրավաբան.net-ն ավելի վաղ անդրադարձել էր թեմային նշելով, որ 45 տարվա վարորդ Հայկ Գասպարյանը 2002 թվականից մինչև 2012 թվականը աշխատել է թիվ 89 երթուղում, սակայն աշխատանքի դիմաց համապատասխան վարձատրությունը չի ստացել: Ոտնահարված իրավունքները վերականգնելու համար Հայկ Գասպարյանը դիմել է դատարան՝ աշխատավարձի բռնագանձման հայցապահանջով:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել հօգուտ վարորդի, և հիշյալ գիծը սպասարկող, սույն գործով պատասխանող «Էս-Թի տրանս մոբիլ» ընկերությանը պարտավորեցրել վճարել շուրջ 1 միլիոն 300 հազար դրամ: Հաշվի առնելով հայցային վաղեմության ժամկետը՝ հայցը բավարարել էր միայն վերջին 3 տարվա մասով: Այնուհետև «Էս-Թի տրանս մոբիլ» ընկերությունը ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ կայացված վճիռը մնացել է անփոփոխ:

Թեմայի վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել