Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նախագահ Սերժ Սարգսյանին է առաջարկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նոր անդամ նշանակել Սերժ Սարգսյանի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանին: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Իրավաբան.net-ն ավելի վաղ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ հենց Սիրանուշ Սահակյանի թեկնածությունն է առաջարկվելու:
Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ` ազատվելով զբաղեցրած պաշտոնից:
Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով` Էմիլ Բաբայանի թեկնածությունն առաջարկել էր Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էմիլ Բաբայանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով հանձնաժողովի նոր անդամի թեկնածու առաջարկելը ևս վերապահված է Վճռաբեկ դատարանի նախագահին, իսկ նշանակման կատարումը` ՀՀ նախագահին:
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս հրամանագիր չի ստարագրել Սիրանուշ Սահակյանին այդ պաշտոնում նշանակելու մասին: