Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ հունիսի 25-ին շարունակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատաքննությունը։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է՝ Գասպարյանը տեղյակ լինելով, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Սուսաննա Սարդարյանը (Գասպարյանը) ՊՆ ՌՈ ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, վերջինիս աշխատավարձ է վճարել։ Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 17 միլիոն 275 հազար 721 դրամի վնաս:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատակոչված վկաներից ներկայացել էին Քնարիկ Սասունյանը, Վաչագան Բաբայանը, Աշոտ Սիմոնյանը, Հրանտ Եպիսկոպոսյանը և Կորյուն Մկրտչյանը։ Չէր ներկայացել վկա Վահան Նաջարյանը, որի ծանուցագիրն ուղարկվել է ոստիկանության համապատասխան բաժնի միջոցով։
Վկաներից առաջինը հարցաքննվեց երգչուհի Քնարիկ Սասունյանը։ Նա նշեց, որ Սուսաննա Գասպարյանի ղեկավարությամբ 2011-2018 թվականներին է աշխատել ոստիկանության Մշակույթի կենտրոնում։
Աշխատանքային գործունեության շրջանակներում վկան հայտնեց, որ աշխատել է որպես առաջատար մասնագետ, տարբեր միջոցառումներ են կազմակերպվել, նկարահանվել են տեսահոլովակներ, ընդունել են տարբեր երկրների պատվիրակությունների։ Հեռուստատեսությամբ ևս այդ ամենը ցուցադրվել է։
Հանրային մեղադրողի հարցին, թե այդ միջոցառումների կազմակերպչական աշխատանքներով ո՞վ է զբաղվել, վկան ասաց՝ Սուսաննա Գասպարյանը, և վերջինիս հետ է անմիջական կապը եղել։
Նա նշեց նաև, որ քննարկումներ են եղել աշխատակիցների և Սուսաննա Գասպարյանի հետ, քննարկել են տեսահոլովակների նկարահանման ընթացքի, հագուստներ կարելու, և մշակութային այլ հարցերի շուրջ։
Դատախազի հարցին, թե կազմակերպած միջոցառումներից առաջ Սուսաննա Գասպարյանի հետ քննարկումներ ունեցել են, թե ոչ, վկան ասաց՝ ամեն օր։
– Ձեր աշխատանքի հաճախելիությունն ինչպե՞ս է եղել, ամեն օր հաճախե՞լ եք աշխատանքի, քանիսից քանի՞սն եք աշխատել, ո՞ր օրերին եք հաճախել։
– Ես նշեցի, որ մեծ միջոցառումներ են եղել, և մենք անգամ շաբաթ, կիրակի ենք հաճախել, 6-ից հետո էլ ենք մնացել ու աշխատանքը կատարել։
– Այսինքն՝ յուրաքանչյուր օր գնացել եք աշխատանքի, եղե՞լ են դեպքեր, երբ հավելյալ ժամը 6-ից հետո եք մնացել, աշխատել։
– Այո՛։ Ինչպես մենք ենք աշխատել, նույնչափ աշխատել է տիկին Գասպարյանը։
– Այսինքն՝ տիկին Գասպարյանը Ձեզ հետ հավասարապես աշխատե՞լ է։
– Միանշանակ։ Այ էդ մեկը շատ լավ հիշում եմ, նույնիսկ ցուցմունքի ժամանակ էլ, որ ասում էի, հիշում եմ՝ քննիչը բղավելով ինձ ասում էր՝ ի՞նչ ես եկել, կարմիր թելդ էստեղ թելում, ասում ես՝ աշխատել ա, ի՞նչ ա աշխատել, մենակ այ դա եմ ֆիքսել։
– Նույն հանգամանքները, որ Դուք ասում եք՝ տիկին Գասպարյանն ամենօրյա ռեժիմով աշխատել է, նշել եք նաև քննիչի մո՞տ Ձեր ցուցմունքում։
– Այո՛։ Տաքության մեջ էի, շատ լավ հիշում եմ։ Նշեմ, որ իմ ցուցմունքը չեմ կարդացել, բայց ստորագրել եմ, որովհետև ի վիճակի չէի։
Հարցին, թե նախաքննական մարմնում ցուցմունք տալիս նշե՞լ է, որ Սուսաննա Գասպարյանը եղել է ոստիկանապետի ռեֆերենտը, վկան պատասխանեց՝ չի հիշում՝ այդ հարցն իրեն տվել է, թե ոչ։
Հանրային մեղադրողը հարցրեց, թե հիշում է արդյոք՝ որ միջոցառումների վերաբերյալ են քննարկումները եղել։ Սասունյանը նշեց, որ, օրինակ, երբ օտարերկրյա պատվիրակությունները պետք է գային, մի քանի օր առաջ սկսում էին դրա նախապատրաստական աշխատանքներն իրականացնել, նաև միջոցառումներ, նկարահանումներ իրականացնելիս։ Հարցին, թե օտարերկրյա ո՞ր պատվիրակություններին են դիմավորել, ասաց՝ Ռուսաստան, Վրաստան, Չինաստան և այլ երկրներ։
Դատախազը խնդրեց վկային մասնավորեցնել՝ ինչ գործառույթներ են հատկապես իրականացրել։
Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն առարկեց հարցի դեմ՝ հայտնելով, որ այդ հարցերին արդեն պատասխանեց, դրանից ավելի մանրամասն ի՞նչ կարող է ակնկալել դատախազը․ «Ես այլ կազմակերպչական բնույթի գործողություն չեմ էլ պատկերացնում, թե ոնց կարելի է բնորոշել։ Համերգների կազմակերպման ժամանակ միգուցե նաև շորերի պատրաստման հետ կապված է ուզում պարոն դատախազը ճշտում կատարի, դրանից մանարամասն էլ ի՞նչ ասի»։
Հանրային մեղադրողի հաջորդ հարցը հետևյալն էր․
– Վարույթն իրականացնող քննիչի մոտ, որ հարցաքննվել եք, հնարավո՞ր է Ձեզ քննիչն ուղղորդել է․ ինչ տվյալ ասել եք Դուք, այդ տվյալներն արձանագրվե՞լ են, թե՞ ասել է՝ այս հանգամանքն այսպես նշեք, մյուսն այնպես։
– Ինձ հարցեր են տրվել, պատասխանել եմ, ինձ վրա անընդհատ գոռում էր։ Ես կրկնում եմ, որ իմ տված ցուցմունքը չեմ կարդացել, որովհետև տաքության մեջ եմ եղել, բայց իմ ցուցմունքի ներքևում ես ստորագրել եմ, գրել եմ։
– Կհիշե՞ք՝ Ձեզ ով է հարցաքննել։
– Մեջլումյա՞ն, ճի՞շտ եմ հիշում։
– Այ, եթե գոռում էր, այդ պայմաններում ի՞նչն էր պատճառը, որ ստորագրեցիք։
– Երկար ժամանակ անցել է, կոնկրետ էդ պահն եմ շատ լավ հիշում, ու ցուցմունքից հետո ստորագրել եմ, որովհետև այլ տարբերակ չկար։
– Դուք դատարանում այս հարցերի շուրջ հարցաքննվե՞լ եք, թե՞ չէ։
– Այս հարցո՞ւմ, հա։
– Այդ ժամանակ, որ հարցաքննվել եք, այս նույն հանգամանքնե՞րն եք ասել, թե՞ ոչ։
– Միանշանակ։
– Նախորդ հարցաքննության ժամանակ, երբ դատարանում հարցաքննվել եք, էլի նշե՞լ եք, որ քննիչը բղավել է Ձեզ վրա, ստիպված ստորագրել, գնացել եք։
Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ մեկ այլ գործով վկայի հարցաքննության հանգամանքներն այս քրեական վարույթին առհասարակ չեն վերաբերում, խնդրեց հարցը հանել, դատավորն ասաց՝ հարցաքննության իրականացման կարգին է վերաբերում․ հարցը չհանվեց։
Վկան հարցին ի պատասխան նշեց, որ դատարանում էլի հայտնել է՝ տաքություն է ունեցել, չի կարդացել ցուցմունքը, քննիչի կողմից իր վրա բղավելու մասով կոնկրետ չի հիշում՝ անցյալ անգամ ինչ է ասել։
Հաջորդիվ վկային հարցեր ուղղեց Էրիկ Ալեքսանյանը։ Նա հարցրեց, թե հարցաքննության ժամանակ գաղտնի ձայնագրե՞լ է՝ ինչպես է Մեջլումյանը գոռում իր վրա, վկան ասաց՝ այո։ Պաշտպանը նշեց, որ այդ ապացույցը լրացուցիչ կներկայացվի դատարանին։
Նա հետաքրքրվեց, թե եղե՞լ են իրավիճակներ, երբ Սուսաննա Գասպարյանը չլինի Մշակույթի կենտրոնում, և որոշակի կազմակերպչական բնույթի հարցեր նաև քննարկվեն կենտրոնից դուրս, հեռախոսի միջոցով, վկան ասաց, որ եղել են այդպիսի դեպքեր, Մշակույթի կենտրոնից դուրս, քննարկումները տեղի են ունեցել նաև հեռավար եղանակով։
Հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ, ըստ նրա, առկա են միմյանց հակասող տվյալներ, մասնավորապես, Սուսաննա Գասպարյանի՝ աշխատանքի ներկայանալու, աշխատակիցների հետ հավասարապես աշխատելու, աշխատանքային կոնկրետ պարտականություններ իրականացնելու հանգամանքների հետ կապված։
Առարկություններ չկային, հրապարակվեց նախաքննական ցուցմունքը։ Վկան նախաքննական ցուցմունքում նշել էր հետևյալը․
«Ոստիկանության Մշակույթի տան հետ կապված հարցերով զբաղվել է ամուսինս, կազմակերված միջոցառումների, համերգների ծրագրերը, սցենարները ես եմ գրել, դրանք ներկայացրել եմ ամուսնուս։
Վլադիմիր Գասպարյանին ճանաչել եմ որպես ոստիկանապետ, նրան տեսել եմ, երբ այցելել է ոստիկանության Մշակույթի կենտրոն, անձամբ նրա հետ առնչություն չեմ ունեցել։ Ճանաչել եմ Վլադիմիր Գասպարյանի դստերը՝ Անգելինա Գասպարյանին, երբեմն այցելել է Մշակույթի կենտրոն, ելույթ է ունեցել համերգների ժամանակ, ճանաչել եմ նաև ոստիկանապետի կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին, ով նույնպես երբեմն այցելել է ոստիկանության Մշակույթի տուն, ներկա է գտնվել է կազմակերպված միջոցառումներին, համերգներին։
Այն ժամանակահատվածում, երբ ես աշխատել եմ ոստիկանության Մշակույթի կենտրոնում, Վլադիմիր Գասպարյանի կինն այնտեղ չի աշխատել, ես չգիտեմ՝ որտեղ է աշխատել նա»։
Հարցին, թե ոստիկանության Մշակույթի կենտրոնի աշխատանքներին որևէ կերպ առնչվել է, վկան պատասխանել է՝ կենտրոնի աշխատանքների կազմակերպմամբ զբաղվել է ամուսինը, Սուսաննա Գասպարյանը ներկա է գտնվել Մշակույթի կենտրոնի կազմակերպած համերգներին, միջոցառումներին, ներկա է եղել ոստիկանությանը նվիրված տեսահոլովակների նկարահանումներին, եղել են դեպքեր, երբ վերջինս այս կամ այն միջոցառումից, համերգից առաջ այցելել է Մշակույթի կենտրոն, ծանոթացել սցենարներին, ծրագրին, տվել խորհուրդներ։
Նախաքննական ցուցմունք տալիս նաև ասել է, որ չի իմացել՝ որն է եղել Սուսաննա Գասպարյանի աշխատանքի ուղղվածությունը, բայց ներկա է եղել միջոցառումներին, տվել է ուղղություններ տարբեր հարցերի վերաբերյալ։
Վկան պնդեց, որ այն, ինչ որ այստեղ ասել է, դա նախաքննական մարմնում ևս հայտնել է, ռեֆերետ անունը չի հիշում ասել է, թե ոչ, բայց նշել է, որ Սուսաննա Գասպարյանն աշխատել է իր հետ։
Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հրապարակեց ձայնագրություն նախաքննական մարմնում վկայի ցուցմունքից։
Դատախազը ձայնագրության վերաբերյալ հայտնեց հետևյալը․ «Հայտնի չէ՝ ձայնագրությունն ինչ հանգամանքներում է եղել, քանի որ ամբողջական չէ, և 2-րդ՝ այդ ձայնագրությունից էլ տեսանելի էր, որ քննիչը հարցեր է տալիս, ասում է՝ մանրամասնեք, հիմա նույն կերպ դատարանում վկան հարցերին պատասխանելիս ընդհանուր բաներ էր ասում։ Մենք էլ ասում ենք՝ հստակեցրու, եթե այդ տեսագրությունն ամբողջական լիներ, մենք ավելի լավ պատկերացում կունենայինք»։
Էրիկ Ալեքսանյանն ի պատասխան հանրային մեղադրողի՝ ասաց․ «Հարցաքննության տակտիկայի տեսանկյունից դժվար եմ պատկերացնում՝ քննիչն իրավունք ունի նման հայտարարություններ անել, նա այն պաշտոնատար անձն է, որը այս կամ այն քննչական գործողության և հատկապես հարցաքննության միջոցով ուղիղ և խաչաձև հարցերի միջոցով ստանում է պատասխաններ։ Պատասխանները քննիչի համար գոհացնող են, գոհացնող չեն, դա որևէ կերպ թույլ չի տալիս վարույթ իրականացնող մարմնին այս կամ այն պատասխանի վերաբերյալ նման արտահայտություններ և հայտարարություններ անել, մասնավորապես՝ «կարմիր թելը թելում», «քանի՞ անգամ ես տիկին Գասպարյանին տեսել», «ի՞նչ ես խոսում»»։
Նրա խոսքով՝ չի կարող ձայնագրության մոնտաժված լինելու վերաբերյալ խոսք լինել, և՛ վկայի, և՛ քննիչի ձայներն էլ ակնհայտ պարզ են։ Պաշտպանը նշեց, որ ձայնագրությունը կներկայացվի դատարանին, որպեսզի դատարանն արժանահավատության տեսանկյունից ևս գնահատական տա։
Վկայի հարցաքննությունն ավարտվեց։
Վլադիմիր Գասպարյանը ձայնագրության հրապարակումից և դատախազի դիրքորոշումը լսելուց հետո դատարանում հետևյալ հայտարարությամբ հանդես եկավ․ «Տղա՛ ջան, ես քեզ չեմ ներելու, շատ խի՛ստ եմ լինելու, ամեն ինչ կդնեմ սեղանին և կհետապնդեմ մինչև վերջ»։
Հայտարարությունից հետո դատարանի և դատախազի կողմից որևէ արձագանք չի եղել։
Հարցաքննվեց հաջորդ վկան՝ Կորյուն Մկրտչյանը։ Նա հայտնեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է միայն Վլադիմիր Գասպարյանին։ Աշխատել է Մշակույթի կենտրոնում որպես գեղարվեստական ղեկավար։
Այնտեղ կատարել է ռեժիսորի և գեղարվեսական ղեկավարի պարտականությունները, մասնակցել միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին։
Հանրային մեղադրողի հարցին, թե ո՞ւմ հետ է աշխատել և ի՞նչ գործառույթներ է իրականացրել, վկան ասաց՝ բացի Արմեն Գևորգյանից, ոչ մեկի հետ շփում չի ունեցել։ Սուսաննա Գասպարյանին ճանաչել է, վերջինս գալիս էր, մասնակցում միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին։ Նա նշեց, որ միշտ տեսել է միջոցառումները գնահատելիս, իսկ ինքն իր կատարած աշխատանքները ներկայացրել է Արմեն Գևորգյանին։
Էրիկ Ալեքսանյանի հարցին, թե Սուսաննա Գասպարյանի կողմից ուղղություններ տալն ինչի է հետ էր կապվում, վկան ասաց՝ դեկորացիա, սցենար, դերասանների ընտրություն և այլն։ Իրեն չի հետաքրքրել՝ ով որտեղ է աշխատել, իր գործն արել է, իսկ վերջնական գնահատականի մասին հայտնել է Արմեն Գևորգյանը։
Վկա Կորյուն Մկրտչյանի հարցաքննությունն ավարտվեց։
Դատակոչված վկաներից հարցաքննվեց Վաչագան Բաբայանը։ Նա ասաց, որ ճանաչում է Վլադիմիր Գասպարյանին, վերջինիս հետ շատ լավ հարաբերությունների մեջ է գտնվում։
Սուսաննա Գասպարյանին ճանաչել է 2000-ական թվականներից, չի իմացել՝ ինչ հաստիք է զբաղեցրել նա։
«Ես շահագործման համար մեկ պատասխանատուն եմ եղել ՌՈ-ի, հետևում էի մաքրությանը, եթե հյուր էին գալիս մեզ մոտ, ինձ ասում էին՝ ուշադիր կլինես։ Տեսել եմ հյուրերին, պատվիրակություններին ԳՇ-ի կամ ՊՆ-ի աշխատակիցների ուղեկցությամբ։
Մտքովս չի էլ անցել, որ ես կարող ա պատահի հետաքրքրվեմ՝ ինչ հաստիք է նա զբաղեցնում։ 2012 թվականին տեղափոխվել եմ ոստիկանություն, այնտեղ ևս եղել եմ շահագործման համար մեկ պատասխանատուն, մոտավորապես 350 աշխատասենյակ է եղել, ես համարյա ամեն օր եղել եմ Մշակույթի կենտրոնում, այնտեղ տեսել եմ տիկին Սուսաննային»,-ասաց վկան։
Սուսաննա Գասպարյանի աշխատելու և այլ հանգամանքների հետ կապված հանրային մեղադրողն ասաց, որ նախաքննության ընթացքում վկան հստակ նշել է, որ Սուսաննա Գասպարյանին երկու աշխատավայրերում աշխատելիս տեսել է միայն ոստիկանապետի մոտ այցելելիս․ «Որևէ պարտականություն, որևէ այլ հանգամանքներում վկան տիկին Գասպարյանի հանդիպելու մասին տեղեկություններ չի հայտնել, իսկ դատարանում մանրամասն նշում է՝ ինչ հանգամանքներում է տեսել, միջոցառումներ կազմակերպելու ընթացքում բազմաթիվ անգամ հանդիպել է, ինչը, իմ գնահատմամբ, էական հակասություն է, ու վկայի ցուցմունքի արժանահավատությունը գնահատելու համար գտնում եմ, որ անհրաժեշտ է այդ ցուցմունքը հրապարակել»։
Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դա հակասություն չէ․ «Միգուցե այդ հարցը վկային նախաքննության ընթացքում չի տրվել, վկան հայտնել է, որ տեսել է Սուսաննա Գասպարյանին պրն Գասպարյանի մոտ այցելելիս, բայց միևնույն ժամանակ վկան չի նշել, որ չի տեսել տիկին Սուսաննա Գասպարյանին միջոցառումների կազմակերպման մասնակցելու ժամանակ, որը քիչ առաջ դատարանում հայտնեց»։
Դատարանը որոշեց հանրային մեղադրողի միջնորդությունը բավարարել, հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։
Վկան պնդեց տրված ցուցմունքը, ասաց, որ դրանք ճիշտ են, ինքն է ասել, Սուսաննա Գասպարյանին տեսել է տարբեր միջոցառումների ժամանակ։
Դատարանի՝ այլ նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով դատակոչված մյուս 2 վկաները կհարցաքննվեն հաջորդ դատական նիստում։