Կառավարությունն այսօր՝ հունիսի 20-ին, որոշում է ընդունել, որով ակնկալվում է սահմանել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների՝ հրապարակային սակարկություններով օտարման առանձնահատկությունները:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ որոշմամբ առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգում լրացնել դրույթներ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների օտարման վերաբերյալ:
Նախատեսվում է նաև սահմանել՝ պետության սեփականությունը դարձած նվերների գնահատման դեպքում Պետական գույքի կառավարման կոմիտե են ներկայացվում նվերների ռեեստրում գրանցված տեղեկությունները, դրանց հանձնման վերաբերյալ կազմված փաստաթղթերը, ինչպես նաև՝ առկայության դեպքում՝ դրանց տեխնիկական բնութագրերը կամ այլ վերաբերելի փաստաթղթերը, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների վաճառքն իրականացվում է աճուրդով վաճառքի եղանակով:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կսահմանվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման առանձնահատկությունները՝ այսպիսով ամբողջացնելով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների, օրենքով սահմանված դեպքերում պետության սեփականությունը դարձող նվերների հետագա ճակատագիրը որոշելու վերաբերյալ կարգավորումները, ինչպես նաև ապահովել համապատասխան օրենսդրական կարգավորումների` գործնականում ամբողջական և պատշաճ իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերը։
Լուսանկարը պատրաստվել է AI-ի միջոցով։
Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: