Արդարադատության նախարարությունն ու Փաստաբանների պալատը շարունակում են համատեղ աշխատել Նախարարության առաջարկած «Փաստաբանության մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի վերջնական տեսքի համար:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն ասաց, որ քննարկումների արդյունքում որոշվել է, որ փաստաբանների էլեկտրոնային գրանցամատյանը չի վարի Արդարադատության նախարարությունը, այլ այն կվերապահվի Փաստաբանների պալատին:
Նախարարի տեղակալը հրաժարվեց աղմկարահույց նախագծերի վերաբերյալ այլ տեղեկություններ հաղորդելուց, իսկ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանն Իրավաբան.net-ին փոխանցեց, որ նախագծերի վերաբերյալ քննարկումները շարունակվում են և այս պահին որևէ բան հաղորդել չի կարող:
Իրավաբան.net-ի տեղեկություններով` Արդարադատության նախարարությունն ու Փաստաբանների պալատը նախագծերի հետագա «ճակատագիրն» արդեն որոշել են:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր: Նախագծերով նախատեսվում է փաստաբանների գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ: Այդ էլեկտրոնային փաստաթուղթը պարունակելու է օրենքով նախատեսված տեղեկություններ փաստաբանների, փաստաբանների օգնականների, հավատարմագիր ստացած այլ պետության փաստաբանների վերաբերյալ:
Փաստաբանները դժգոհ են, քանի որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 դրամի չափով: Ընդ որում` չհաշվառվելու դեպքում ներկայիս փաստաբանները չեն կարող այլևս համարվել փաստաբան:
Օրենքի նախագծով նախատեսվող փաստաբաններից գանձման ենթակա պետական տուրքի գումարները նախատեսվում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերին: