Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հնարավոր որոշումը չի ազդի կազմակերպության պաշտպանունակության վրա, այլ միայն կազդի Հայաստանի պաշտպանունակության վրա, РИА Новости-ին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անդամակցության սառեցումից հետո հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալը։ Նրա խոսքով, տեսականորեն իրավիճակը ՀԱՊԿ-ի շուրջ կարող է փոխվել, եթե Բելառուսը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, կամ Բելառուսի նախագահը «ներողության խոսքեր գտնի, որոնք ընդունելի կլինեն հայ ժողովրդի համար»։
«Սա կազդի միայն Հայաստանի պաշտպանունակության վրա և ոչ մի այլ բան, ուստի, իհարկե, այս որոշումը հայկական կողմինն է, բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կայացնելու է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով, սա ողբերգություն է»,- ասել է Կարտապոլովը։
Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ ողջախոհությունը կհաղթի հայ ժողովրդի, այլ ոչ թե երկրի ղեկավարության մեջ։