Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատավճիռը։
Համաձայն դատավճռի նրանք արդարացվեցին առաջադրված մեղադրանքում։ Վերջիններիս խափանման միջոցները վերացվեց, քաղհայցը՝ մերժվեց։
Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: