«Երբ, որ մեր թագավորներն ու իշխաններն իրենց տեղում չեն եղել, եկեղեցին փորձել է լրացնել այդ բացը»․ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը՝ քրիստոնեության մասին

«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Խոր Վիրապ վանքի վանահայր  Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանի հետ զրուցել է քրիստոնեության մասին։

-Ի՞նչ է քրիստոնեությունը։

-Հատկապես վերջին շրջանում շատ մեկանաբանություններ կան։ Ոմանք աղերսներ են տանում հեղափոխության հետ, ոմանք համաշխարհայնացման հետ։ Կարծիքներ են, գուցե իրավունք ունեն գոյություն ունենալու, բայց ըստ էության՝ քրիստոնեությունը մարդու և Աստծու հարաբերության պատմությունն է։ Առավել դիպուկ՝ մարդուն Աստծու հետ մոտեցնելու և մտերմացնելու պատմությունը։

-Հայր Իսահակ, իսկ ի՞նչ տարբերություն կա կրոնի և հավատքի մեջ։

-Բոլոր կրոններն էլ ըստ էության՝ կոչված են մարդուն ճանաչեցնելու Աստծուն։ Հավատքը ավելի ներանձնական, ավելի խորը գնացող ապրում է, իսկ եթե խոսում ենք գործնական հավատքի մասին, այս իմաստով նաև վկայություններն են շատ։ Սրբերի կյանքը, եկեղեցու հայրերից շատերի անցած ճանապարհը, մեր սռօրյա կյանքում տեղ գտնող շատ իրողություններ ևս կոչված են կոփելու մեզ մեր հավատքի մեջ, հաստատագրելու մեզ մեր հավատքի ճանապարհին։ Հավատալով ենք համոզվում մեր սկզբունքների մեջ, մեր ընտրած ճանապարհի մեջ։

-Ըստ մեր Սահմանադրության Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Սակայն հասարակության մեջ կա նաև կարծիք, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չպետք է հատուկ կարգավիճակ ունենա, ինչ կարծիք ունենք դուք և արդյո՞ք հիմա գործող հատուկ կարգավիճակը որևէ կերպ օգնում է։

-Սահմանադրությամբ ամրագրված լինելը ըստ էության կամ ընդամենը փաստումն է, վավերագրումն է, որ Հայոց եկեղեցին մեզանում ունի մասնահատուկ առաքելություն և կարագավիճակ, բայց, եթե ամրագրված էլ չլիներ, մեզ համար գաղտնիք չէ, թե որքան առինքնող նշանակություն է ունեցել մեր եկեղեցին մեր կյանքում։ Ժողովրդի մեջ տարբեր ժամանակահատվածներում տարբեր կարծիքներ կարող են կենսագործել, երևան գալ, բայց մեզ համար միանշանակ է մեր եկեղեցու առաքելությունը և կարծեմ թե՝ հանության համար էլ։ Եվ, եթե մեր հանրությունը, ի մոտո, ծանոթ է, լավատեղյակ է, առնչվել է իր պատմությանը, մեր հանրության մեջ այդ օրինակ կարծիքներ երևան չեն գա։ Հիմա դուք, որ անդրադառնում եք, որ նման կարծիքներ կան, դա լավագույնս ցուցանում է, որ վերջիններս, ըստ էության՝ տեղյակ չեն սեփական եկեղեցու, սեփական ժողովրդի պատմությանը և անցած ճանապարհին, որովհետև տեղյակ մարդու մոտ այդ հարցադրումները որևէ դեպքում չպիտի առաջանային։ Նկատի ունենալով նաև մեր ներկա կացությունը, այդ թվում՝ քաղաքական, մենք ոչ թե պետք է տարուբերվենք ծայրահեղությունների մեջ, ոչ թե պետք է առաջնորդվենք արհեստածին, կեղծ օրակարգերով, այլ ընդհակառակը՝ մենք պետք է ծրարվենք, ներամփոփվենք, ամրանանք, ուղիղ, ստույգ, ազնիվ արժեքների վրա և այդպես շարունակենք մեր կյանքն ու առաքելությունը։ Մենք (խմբ․ հոգևորականները) զբաղված ենք մեզ վերաբերող հարցերով, մեր օրակարգով, մեր աղոթքով, մեր գրական, գիտական և այլ հետաքրքրություններով։ Հիմա մի պահ ընդունենք, որ Սահմանադրությամբ ամրագրված չէ, որ եկեղեցին մասնահատուկ առաքելություն ունի, իմ կյանքի մեջ կամ ինձ նման շատ մարդկանց կյանքի մեջ շատ քիչ բան է փոխվելու, էլ չեմ ասում՝ մեր ժողովրդի կյանքի մեջ։ Եկեղեցուն հարված չի լինելու, եթե կենտրոնանանք, հարվածը լինելու է մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր պետականությանը, որովհետև երբեմն մենք մտահոգությամբ փաստում ենք կամ ականատեսն ենք լինում հոգեգողերի, սուտ քարոզիչների, եկեղեցու հիմնադրման օրվանից սրանք եղել են, և սրանք միայն մեզանում չեն։ Սրանք եղել են և լինելու են։ Սրանց դեմ պայքարելու լավագույն միջոցն է սեփական պատմությունն իմանալը։

Ինչպե՞ս է եղել, որ եկեղեցին ստանձնել է ժողովրդի առաջնորդությունը․ երբ որ մենք պետություն, պետականություն չենք ունեցել կամ մեր պետությունը, պետականությունը վտանգված է եղել։ Եթե ճիշտ խոսքով ասենք՝ երբ, որ մեր թագավորներն ու իշխաններն իրենց տեղում չեն եղել, եկեղեցին փորձել է լրացնել այդ բացը, բայց դա այնքան տևական և հաճախ է եղել և այնքան կարևոր գործառույթ է իրականացրել եկեղեցի, որ մինչև այսօր բոլորն էլ գնահատում և բարձրաձայնում են։

Երբ, որ Ներսես Աշտարակեցին կազմակերպում էր Երևանի, Էջմիածնի, Սարդարապատի պաշտպանությունը, ի՞նչ հետաքրքրություն ուներ։ Երբ որ Գևորգ 5-րդը չլքեց Էջմիածինն, ի՞նչ հավակնություն ուներ։ Շատ են օրինակները։ Եկեղեցին երբևէ մասնահատուկ հավակնություններ չի ունեցել և չի կարող ունենալ, որովհետև եկեղեցու առաքելությունը բոլորովին այլ դաշտում է։ Սրանք արհեստականորեն հարուցված խնդիրներ են՝ որպիսիք եղել են, կան ու լինելու են։

-Մայր օրենքով Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունները համարվում են անջատպետությունից: Ի՞նչ կասեք այս իրվակարգավորման մասին և արդյոք այն կարող է  բացասական հետևանքներ ունենալ։

-Ոչ եկեղեցին է պարտադրված իր անելիքի մեջ, ոչ հավատացյալն է պարտադրված իր անելիքի մեջ։ Սա այնքան բնական իրողություն է, որ երբեմն ես այս հարցադրումների տրամաբանությունը դժվարանում եմ ընկալել։ Ինչպես, որ մեզ համար քննության, կասկածի հարց չէ մեր նվիրականություններին ու սրբություններին վերաբերվելը։ Մենք ունենք հայր, մայր, զավակներ, նվիրական սրբություններ ունենք, այդ թվում՝ մեր եկեղեցին, այնպես էլ եկեղեցու առաքելությունը, թե որտեղ կարելի է, որտեղի չի կարելի, ինձ համար այդպիսի հարց գոյություն չունի։ Եթե ժամանակին մեր պայքարը օտարների հետ էր կամ օտարների դեմ էր կամ օտար վարդապետությունների դեմ էր, հիմա մեր խնդիրը մեր ժողովրդի զավակների հետ է։

-«Միայն ազգային եկեղեցին է, որ կարող է պահպանել ազգային ինքնությունը»։ Համաձա՞յն եք այս մտքի հետ և ի՞նչ ձևով է նպաստում դրան։

-Տեսեք, մեր եկեղեցին այդպիսի որակում ունի՝ ազգային եկեղեցի։ Ձեզ հայտնի՞ է որևէ այլ եկեղեցի, որ այսպիսի որակում ունենա։ Որովհետև քրիստոնեությունը ըստ էության կոսմոպոլիտ, ներազգային կրոն է, և մենք յուրացրել ենք քրիստոնեությունը, հայացրել ենք, եթե ուշադիր լինեք, մեր ճարտարապետությունը, մեր աստվածաբանությունը, մեր ամեն ինչը հայկական է, ինքնատիպ է, տարբերվող է։ Մարդիկ, որոնք որ հետաքրքրություն են հանդես բերում՝ ընկալելու համար մեր ինքնությունը, իրենք իբրև կանոն հաճելիորեն զարմանում են։ Եկեղեցին իր ամեն ինչով, իրեն տրվածի չափով, նպաստում է մեզ հայտնի բոլոր բնագավառների զարգացմանը, բարգավաճմանը։ Մենք որպես կանոն եկեղեցի գնալիս լավ բան ենք սովորում, վատ բաներ չենք սովորում։

-Ինչ է արդարությունը։

-Արդարությունը մեր աստվածփնտրության փափագն է։

-Ի՞նչ է բարոյականությունը։

-Երևի թե մեր անկեղծությունը։

-Ի՞նչ է հավատքը

-Հավատքը հուսացած բաների ապացույցն է (Պողոս առաքյալ):

-Որքանո՞վ են արդարությունը, բարոյականությունը և հավատքը փոխկապակցված։

-Ցանկացած ազնիվ ապրում փոխկապակցված են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել