«Ընկա եկեղեցու դարպասների մոտ ու ականջներս փակելով Աստծո հետ էի խոսում ու խնդրում, որ այս ամենը երազ լինի»․ Արցախից բռնի տեղահանված

Սարգսյան Իլոնան բռնի տեղահանվել է օկուպացված Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքից։ Այս մասին նա պատմել է «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում։

«Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի ուղղությամբ, ես աշխատավայրում էի։ Ֆեյսբուքում կարդացել էի, որ սակրավորական աշխատանքներ են իրականացվելու, պայթյուններ են լինելու, որպեսզի չվախենանք։ Ես աշխատանքից տուն էի վերադառնում, երբ առաջին պայթյունը լսեցի, այդ ժամանակ ասում էի՝ չի սկսվի պատերազմ։ Երկրորդ, երրորդ պայթյունը լսելով տեսա, որ մարդիկ վազում են եկեղեցի, ես էլ այդ տագնապի մեջ, նրանց հետ վազեցի եկեղեցի, բոլորն ահավոր վիճակում էին»։

Իլոնան հիշեց, որ իր ընտանիքի գտնվելու վայրի վերաբերյալ այդ ծանր պահին որևէ տեղեկություն չուներ․ «Ընկա եկեղեցու դարպասների մոտ ու ականջներս փակելով Աստծո հետ էի խոսում ու խնդրում, որ այս ամենը երազ լինի, ու պատերազմը նորից չսկսվի, որովհետև գիտեի հետևանքների մասին․ եթե նախորդ պատերազմում կորցրինք Արցախի մեծ մասը, հիմա՝ Արցախն ամբողջությամբ կկորցնեինք»։

Նա նշեց, որ շրջափակման ընթացքում խնդիրները շատ էին․

«Ուտելիքի պաշարներն էին վերջանում։ Ժողովրդի ունեցած պաշարները չէին կարող ամիսներ շարունակ բավարարել։ Տրանսպորտը սկսել էր չաշխատել, մարդիկ այդ պատճառով առանց աշխատանքի էին մնում։ Հոսանքի անընդհատ անջատումների ընթացքում էլ մտածում էինք, որ ձմռանն ավելի ճգնաժամային իրավիճակ կստեղծվի։ Փաստացի՝ Արցախը մենակ էր պայքարում»։

Մեր զրուցակիցը պատմեց, որ անգամ այդ դժվար իրավիճակում՝ իրենք ապահով էին զգում իրենց տանը՝ Արցախում, ու այդ ապահովության զգացումը աշխարհի ոչ մի կետում այլևս չեն գտնի։

Անդրադառնալով Ադրբեջանի կազմում արցախցիների վերաինտեգրմանը՝ Իլոնան ասաց, որ երբեք չէր ապրի ադրբեջանցիների հետ՝ կողք-կողքի․

«Ապրել ադրբեջանցու հետ, որը ատում է հային, պայքարում է, որ հայ չլինի ու ստեղծել է մի իրավիճակ, որ դուրս գաս քո հայրենքից, անհնար է»։

Իլոնան հուզմունքով է հիշում գաղթի ճանապարհը․

«Երբ արդեն ուղևորվում էինք դեպի Հակարիի կամուրջը, ասացի՝ մի փոքր կսպասե՞ք՝ գնամ տուն։ Վազեցի տուն, նայում էի ու չգիտեի՝ այդ պահին ինչ եմ զգում։ Ուղղակի համբուրեցի պատերը ու մեկ րոպե կանգնեցի, ներողություն խնդրեցի մեր տանից՝ իրեն մենակ թողնելու համար։ Ես զգացի, որ այդ րոպեից կորցրել եմ թե՛ ինձ, թե՛ իմ հայրենիքը»։

Iravaban.netը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել